Մեզ թույլ ենք տալիս կասկածելու, որ Հայաստանում կգտնվեն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր Քոչարյանին զորակցող հանրահավաքներ կամ հրապարակային միջոցառումներ կկազմակերպեն։ Համենայնդեպս, երկրորդ նախագահն առաջին կալանավորումից հետո ազատ արձակվեց ոչ թե հանրային պահանջով, այլ դատական համակարգի քրեաօլիգարխացման հետևանքով։ Ավելին՝ Քոչարյանի կալանավորման հարցում Հայաստանում կարծես գոյություն ունի լիակատար հասարակական կոնսենսուս։
Ճակատագրի հեգնանքով երկու քաղաքական կուսակցությունները, որոնք ամռան ընթացքում հրապարակային հայտարարություններով աջակցեցին Ռոբերտ Քոչարյանին, երեկ չհաղթահարեցին անցողիկության շեմը ու ներկայացված չեն լինելու նոր խորհրդարանում։ Խոսքն, անշուշտ, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին է։
Ի հեճուկս տարածված կարծիքի՝ պաշտոնաթող նախագահը չունի նաև միջազգային աջակցություն։ Արևմտյան երկրներում նա ուներ ավտորիտար, ռուսամետ գործչի համարում ու պոպուլյար չէր ո՛չ պաշտոնավարման տարիներին և ոչ էլ, առավել ևս, Բաղրամյան 26-ը լքելուց հետո։ Քոչարյանի միակ կռվանը եղել է ու մնում է նրա մտերմությունը Ռուսաստանի դեսպոտ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, ու պատահական չէ, որ այս օրերին Մոսկվայից հնչում են զորակցության թույլ ձայներ։
Անկեղծ լինենք՝ Ռուսաստանի իշխանություններին դուր չի գալիս Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Ու այստեղ խնդիրը ոչ այնքան Քոչարյան-Պուտին մտերմությունն է, որքան պրակտիկ քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրներ։
Նախ՝ Մոսկվայի «մատը խառն» է Մարտի 1-ի իրադարձություններին, իսկ որ նրա համար ավելի վտանգավոր է՝ Քոչարյանի ազատազրկումը կարող է դառնալ մեկ այլ ոճրագործության՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման բանալի, ինչն արդեն ուղղակիորեն հարվածում է ռուսական շահերին։
Բացի այդ՝ Մոսկվայում սարսափով են նայում այն հեռանկարին, որ հայկական հեղափոխության արձագանքները կարող են տարածվել եվրասիական միջավայրում, որտեղ «Ռոբերտ Քոչարյանների» պակաս հաստատապես չկա։
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Քոչարյանի կալանավորման հարցով Մոսկվան բաց առճակատման չի գնա Երևանի հետ։ Հավանաբար կհնչեն մի քանի կիսապաշտոնական դատապարտող հայտարարություններ, կամ Մոսկվան կփորձի այդ հարցը քննարկել դիվանագիտական շփումների ու ստվերային ազդեցության հարթակներում։ Գրեթե վստահ ենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պատրաստ է նման զրույցների, ըստ այդմ՝ ենթադրում ենք, որ Քոչարյանի գործոնը մոտ ապագայում կարող է արխիվացվել հայ-ռուսական հարաբերություններում։
Ռոբերտ Քոչարյանի ողբերգությունն այն է, որ նա այդպես էլ չճանաչեց Հայաստանը՝ սեփական իշխանությունը մեր երկրում կայացնելով ահաբեկչության ու արյան միջոցով։ Անգամ իշխանության կորստից հետո պաշտոնաթող նախագահը չվերադարձավ ադեկվատության հարթություն ու հիմա էլ շարունակում է ապրել Հայաստանից մեկուսի, այս անգամ ոչ թե Բաղրամյան 26-ում՝ իշխանության խրախճանքի մեջ, այլ ԱԱԾ մեկուսարանում՝ պետության հսկողության ներքո։ Քոչարյանի ողբերգությունն այն է, որ նա չի գիտակցում, որ այլևս ոչ թե քաղաքական, այլ քրեական խրոնիկայի հերոս է։
Աղբյուրը՝ losarmnews.am