Զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնա-գրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։
Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։