Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:
Իր շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Երևանը բերդաքաղաքից վաղուց դարձել է Արարատի հայացքի ներքո տարածված և արագ զարգացող մեծ ու գեղեցիկ քաղաք, ռազմապաշտպանական կառույցից վերածվել է քաղաքաշինության ասպարեզում իրականացված սխրանքի, ձեռք է բերել թամանյանական եզակի ճարտարապետական դիմագիծ, ստեղծել է իր յուրահատուկ՝ երևանյան միջավայրը, և ի վերջո, այն այլևս համայն հայության մայրաքաղաքն է: Ու նաև դարձել է բոլորիս սիրո, հոգատարության և հպարտության առարկան, որի զարգացումը խորհրդանշեց Հայաստանի ու հայության վերազարթոնքը»,- գրել է ԱԺ նախագահը:
Նա շեշտել է, որ Երևանը դարձել է Հայաստանի՝ նաև տնտեսական, գիտական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը, ուր միաձուլվել են պատմության բազմաթիվ շերտեր, և ուր, գոնե վերջին հարյուրամյակում, զարգացել է հայ հասարակական-քաղաքական միտքը, ձևակերպել է համահայկական ընդգրկում ունեցող նորանոր գաղափարներ և իրականություն դարձրել դրանք:
«Երևանն այսօր աշխարհի շատ ու շատ պետությունների կայուն զարգացման ճանապարհով ընթացող մայրաքաղաքների շարքում է, ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով:
Տոնական այս օրը հետադարձ հայացք նետելով Երևանի անցած քսանութ դարերին և երախտագիտությամբ հիշելով մեր քաղաքը կառուցողներին ու շենացնողներին` շնորհակալության առանձնահատուկ խոսքեր պիտի ուղղենք նաև բոլոր ա´յն մարդկանց, ովքեր իրենց տքնաջան աշխատանքով ամեն ինչ անում են մայրաքաղաքի զարգացման ու գեղեցկացման, Երևանը քաղաքային կյանքի բոլոր ոլորտներում ու համայնքային կառավարման ասպարեզում նորարարական մոտեցումների կենտրոն դարձնելու և դրանք Հայաստանի մյուս բնակավայրերում կյանքի կոչելու համար:
Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել, բայց Երևանն էլ շռայլորեն փոխհատուցել է այն, և որպես մայրաքաղաք՝ ուղենիշ է դարձել ողջ երկրի զարգացման համար` իր կրթական, բժշկական, գիտական, արդյունաբերական և մյուս ասպարեզների մեծ հնարավորությունները ծառայեցնելով հեռու ու մոտիկ, մեծ ու փոքր բնակավայրերի զարգացմանը:
Սիրելի հայրենակիցներ,
այսօր բոլորիս տոնն է և Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ու իմ անունից կրկին շնորհավորում եմ Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ:
Հպարտանանք մեր մայրաքաղաքի պատմությամբ, գնահատենք ու պահպանենք ներկան և կերտենք Երևանի վաղվա օրը»- իր շնորհավորական ուղերձում գրել է Արա Բաբլոյանը: