42-ամյա տղամարդն այսօր` օգոստոսի 30-ին, ի նշան բողոքի Երևանի Հանրապետության հրապարակում ոտքերը մեխել էր նստարանին`հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Դեպքի վայր ահազանգով ժամանած ԱԻՆ աշխատակիցներին ու հոգեբանին քաղաքացին հայտնել էր, որ հրաժարվում է հոսպիտալացումից և մնալու է այնքան ժամանակ, մինչև կառավարության ղեկավարը կհամաձայնի ընդունել իրեն։
Ոտքերը նստարանին մեխած տղամարդը պատրաստակամություն հայտնեց իր խնդրի մասին պատմել Sputnik Արմենիայի թղթակցին ու ներկայացավ. «Արմեն Աղվանի Երանոսյան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Վարդենիս»։
Տղամարդը պատմեց, որ տարիներ առաջ աշխատել է Սոթքի հանքավայրում` որպես փականագործ։ Այդ տարիներին աշխատավարձի վարկային գծով 3 մլն դրամ վարկ է վերցրել բանկից, բայց որոշ ժամանակ անց ազատվել է աշխատանքից ու չի կարողացել վերադարձնել պարտքը։
«2016թ-ին դիմել եմ նախկին վարչապետին, որը գրել է` «վերականգնել աշխատանքի», բայց նախկինը մնաց անցյալում»,- ասաց Արմեն Երանոսյանը` ցույց տալով իր հետ հրապարակ բերած փաստաթղթերը։
Երանոսյանը Վարդենիսում ապրում է մոր հետ։ Անապահով ընտանիքը 18 000 դրամ նպաստ է ստանում, Արմեն Երանոսյանը`որպես 3-րդ կարգի հաշմանդամ 16000 դրամ թոշակ է ստանում, առաջին կարգի հաշմանդամ մայրը` 37 000 դրամ կենսաթոշակ։
«Ես 71 000 դրամով սնունդ առնե՞մ, անկողնային ծնող պահե՞մ, լույսի՞ն տամ, գազի՞ն տամ, ջրի՞ն տամ, թե՞ վարկ մուծեմ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ծանր վիճակում հայտնված տղամարդն արդեն երրորդ անգամ է դիմում նման ծայրահեղ քայլի։ Երանոսյանը պատմում է, որ առաջին անգամ հրապարակավ կարել է բերանը, այս տարի օգոստոսի 9-ին դարձյալ ոտքերը մեխել էր հրապարակի նստարանին, իսկ այժմ արդեն 8 օր է, ինչ հրապարակում է, պահանջում է կառավարության ղեկավարի ընդունելությունը, բայց տեսնելով, որ նա չի արձագանքում, այսօր դարձյալ որոշել է մեխել ոտքերը նստարանին։
«Եթե պետք է, ես 1 օր էլ կնստեմ, 2 օր էլ, կսպասեմ Փաշինյանին։ Ճիշտ է` ես նույն քայլին երկրորդ անգամ եմ գնում, բայց թող պարոն Փաշինյանը ներողամիտ լինի, այլ ելք չունեմ, ստիպված եմ»,- ասաց նա։
Երանոսյանը նշեց, որ չմարված վարկի դիմաց ԴԱՀԿ-ն կալանք է կիրառել իրենց տան նկատմամբ և իրեն մեկ տարով զրկել է թոշակից։
Հիշեցնենք` Արմեն Երանոսյանն օգոստոսի 8-ին արդեն նույն բողոքի ակցիան իրականացրել էր Երևանի կենտրոնական հրապարակում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու բժիշկները նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Դրա համար նրանք ստիպված էին եղել սղոցել նստարանը, որպեսզի կարողանան ազատել տղամարդուն։