ԿԳՆ–ում պաշտոնյաներին թույլ չեն տալիս օգտվել ծառայողական մեքենաներից

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում էապես կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Բացի այդ, նախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի նշանակվելուց հետո պաշտոնյաներին այլևս չի թույլատրվում աշխատանքի գնալ ծառայողական ավտոմեքենաներով. դրանք նախատեսված են միայն ծառայողական պարտականությունները կատարելու համար։

Նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը թերթին հայտնել է, որ ընդհանուր առմամբ կրճատվելու է 12 ավտոմեքենայից 5-ը։ Երեք փոխնախարարները մեկական ավտոմեքենաների փոխարեն կունենան մեկ ընդհանուրը։ Եվս մեկ ծառայողական ավտոմեքենա միաժամանակ կսպասարկի Բարձրագույն որակավորման կոմիտեին և Լեզվի պետական կոմիտեին։

Եթե այդ բոլոր պաշտոնյաներն ավտոմեքենայի անհրաժեշտություն ունենան միաժամանակ, ապա, ըստ Հարությունյանի, նման դեպքերում կսպասարկի նախարարության աշխատակազմին հատկացված ավտոմեքենան կամ գործի կանցնի հերթապահ փոխադրամիջոցը։

«Եթե միաժամանակ որևէ տեղ մեկնելու անհրաժեշտություն լինի, տղամարդիկ կզիջեն կանանց։ Վերջիվերջո, գոյություն ունի տաքսի ծառայություն», — կեսկատակ արձագանքել է նախարարության աշխատակազմի ղեկավարը։

Նա նշել է, որ կրճատվող ավտոմեքենաները կդրվեն աճուրդի։