2019 թ–ին թոշակներն էապես չեն բարձրանա. կառավարությունն այլ բաների վրա է գումար ծախսելու

 

Հայաստանում թոշակները 2015 թվականից չեն բարձրացել։ Դրա փոխարեն կառավարությունն ուզում է վերանորոգել ճանապարհներն ու էլեկտրացանցերը։

Կենսաթոշակներն ու պետաշխատակիցների աշխատավարձերը զգալիորեն չեն աճի։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումներն արդեն մեկնարկել են։

«Դեռ չի նախատեսվում բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Դա նորություն չէ. այս մոտեցումները ներկայացված են երեք տարվա Միջնաժամկետ ծախսերի ծրագրում», – հիշեցրեց նախարարը։

Ծրագրի համաձայն` բյուջեի լրացուցիչ ծախսերն ուղղվելու են առաջին հերթին ոչ թե ընթացիկ ծախսերին (աշխատավարձեր ու թոշակներ), այլ ենթակառուցվածքային նախագծերին` ապագա տնտեսական աճի հիմքը դնելու համար։

Հիշեցնենք` վերջին անգամ Հայաստանում թոշակները բարձրացրել են 2015 թվականին։

Մեր երկրում բազային թոշակը կազմում է 16 հազար դրամ կամ 33 դոլար։ Հետո գումարվում են ստաժի համար ավելացումները` 800–ական դրամ առաջին 10 տարվա համար ու 500` մնացածի։ Միջին թոշակը կազմում է 41 հազար դրամ կամ 85 դոլար։

Աղբյուրը՝ armeniasputnik.am