Կրակեմ Հրաչի որդու բիզնեսը մշտապես դարձել է գնումների հաղթող

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների թվում է նաև «Ալֆապրոջեքտ» ՍՊԸ-ն, որը մշտապես դարձել է տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերություններից հիմնական գնում կատարողը ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունն է եղել: Եվ այս ընկերության միակ բաժնետերը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, Վազգեն Հարությունյանն է` պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին: Սակայն պարզվում է` սա նրա միակ ընկերությունը չէ: Այդ ցանկում ներգրավված են «Էլմարկետ» և «Օնլայն կոմպյուտերս» ընկերությունները, որում նա ևս բաժնետեր է, և, որոնք կրկին գնումներում հաղթողներ են ճանաչվել: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ըստ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, հիմնադրվել է 2014թ.-ին: Այս ընկերության հետ պայմանագրեր են կնքել նաև ՄԻՊ-ը, Բնապահպանության նախարարությունը: «Օնլայն կոմպյուտերս»-ը, ընկերությունների գրանցման պետռեգիստրի համաձայն, հիմնադրել են Նարեկ Վարդանի Մարգարյանը և Վազգեն Հրաչյայի Հարությունյանը: Հիմնադիրներն ընկերության բաժնետոմսերը կիսում են համապատասխանաբար 34% և 66% տոկոսով: Իսկ «Էլմարկետ» ընկերության դեպքում էլ 80% բաժնետեր է Վազգեն Հարությունյանը»: