Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց աղմուկ հանած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ՝ 2 դեմ, ձեռնպահ՝ 7:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը մշտապես դեմ է արտահատվել պարտադիր բաղադրիչի ներդրմանը, սակայն կողմ են քվեարկելու:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ, պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,- ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հայտարարեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է: ԵԼՔ-ը եւ ՀՀԿ-ն եւս կողմ եղան:
Առայժմ գործող օրենքի համաձայն՝ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, որի 5 տոկոսը վճարում է անձը, իսկ 5 տոկոսն անձի օգտին՝ պետությունը: Նոր նախագծով աշխատող քաղաքացիները հուլիսի 1-ից կփոխանցեն 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց նաեւ «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն ընդունվեց միաձայն:
Աղբյուրը՝ armtimes.com