Սերժ Սարգսյանի խորհրդականի հարցը փակված չէ.«Այբի» աուդիտի արդյունքները շուտով կհրապարակվեն

Կրթության և գիտության նախարարը կարծիքը չի փոխել։ Ըստ նրա` Տեր Մեսրոպն է ամենամեծ վնասը տվել կրթությանը։

Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի մեկ տարվա արդյունքները պատրաստ են և առաջիկա օրերին կհրապարակվեն: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը` չցանկանալով արդյունքների մասին մանրամասներ բացահայտել:

Հարցին՝ Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտի արդյունքներից հետո՞ էլ է նա շարունակում է պնդել, որ Տեր Մեսրոպն է ամենամեծ վնասը տվել կրթությանը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Արարատյան բակալավրիատի աուդիտով չէ, որ այդ կարծիքը պիտի հայտնեմ. մինչև այդ եմ հայտնել, հիմա էլ շարունակում եմ պնդել»:

Իսկ վերանայվի արդյո՞ք գերազանցության ծրագրի ֆինանսավորումը, դեռ հայտնի չէ: Նախարարի խոսքով` քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք` կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Այբ» դպրոցում կիրառվող Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ իրականացնելու հանձնարարական է տվել: Նա նաև հայտնել էր, որ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր-Մեսրոպ քահանա Արամյանը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից մեկն է:

«Այբ» դպրոցը սկսել է գործել 2011 թվականից նույնանուն Կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ու մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ։ «Այբ» ավագ դպրոցը Հայաստանում ոչ պետական հատվածի առաջին սոցիալական նախագիծն է համարվում։ Արարատյան բակալավրիատը միջազգայնորեն ճանաչված հայալեզու հանրակրթական ծրագիր է՝ նախատեսված Հայաստանի, Արցախի և սփյուռքի համար։ Ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի ու Քեմբրիջի համալսարանի կողմից և լրամշակվել Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am