«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանին 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակեն:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը:

Մինչ այդ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Հակոբյանի նախագահությամբ այսօր այս գործով նիստի ժամանակ հրապարակվեց Արամ Հակոբյանի նկատմամբ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ եզրակացությունը: Նման միջնորդությամբ նախորդ նիստին հանդես էր եկել Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, որն էլ դատարանը բավարարել էր: Ըստ այդ եզրակացության՝ Արամ Հակոբյանը ունի մի շարք ծանր հիվանդություններ, սակայն դրանք չեն դասվում Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Եզրակացության հրապարակումից հետո միջնորդություն ներկայացվեց Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Միջնորդությունը, սակայն ներկայացրեց Արամ Հակոբյանի մեկ այլ պաշտպան Տիգրան Եգորյանը` որպես նոր հանգամանք հաշվի առնելով այն, որ դատարանը ստացել էր դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ըստ որի՝ Արամ Հակոբյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, դրանց թվում նաեւ սրտի անբավարարություն եւ նյարդային համակարգի հիվանդություններ: Եգորյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը, ըստ էության, չառարկեց միջնորդության դեմ, սակայն միջնորդեց Արամ Հակոբյանին ազատ արձակել գրավի դիմաց, գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ երկու ժամ անց վերադառնալով՝ Արամ Հակոբյանին գրավով ազատ արձակելու որոշում կայացրեց:

Աղբյուրը՝ armtimes.com