Այսօր կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարեց անդրադառնալ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների փոփոխման վերաբերյալ քննարկումներին: Նախարարն ասաց, որ նախաձեռնվել են բոլոր հնարավոր միջոցները, քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
«էներգետիկ ոլորտի ռիսկերն են գնահատվել՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հետ կապված: Այս պահին կան մի շարք ռիսկեր, որոնք չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով գազի գնին, նախարարը նշեց, որ ռիսկեր կան՝ նաեւ գազի գնի հետ կապված:
«Մենք կարող ենք սակագների հետ կապված փոփոխություններ իրականացնել անապահով ընտանիքների մասով. 110 հազարից 120 հազարն է նրանց թվաքանակը նախնական, մենք եկել ենք եզրահանգման, որ ունենք հնարավորություն 10 դրամի չափով նվազեցնել անապահով ընտանիքներին տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը»,- հայտարարեց նախարարը:
Արձագանքելով վարչապետը նկատեց, որ նախարարը չխոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին, եւ հանձնարարեց շարունակել ուսումնասիրություններն ու քննարկումները, ապա թափանցիկ կերպով ներկայացնել եզրահանգումներ:
Աղբյուրը՝ armtimes.com