Արյան հետազոտությունների սխալները կկանխվեն. տարեվերջին կգործի նոր համակարգ

Արյան հետազոտությունների սխալները կվերահսկվեն. նախարարն առաջարկում է վերստուգող համակարգ հիմնել:

Մինչև տարեվերջ Հայաստանում կստեղծվի ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որը կկանխի բժշկական լաբորատոր հետազոտությունների սխալները: Այս մասին այսօր ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի կատարողական հաշվետվությունները ներկայացնելու ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա համաձայնեց պատգամավորների դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքացիները վստահ չեն իրենց արյան հետազոտությունների հավաստիությանը:

Թորոսյանի կարծիքով` խնդիրը կլուծի ռեֆերենս լաբորատորիաների համակարգը։

«Այստեղ լաբորատորիաներն ուղարկելու են իրենց փորձանմուշների որոշ մասը` ավելի ճշգրիտ փորձաքննություն անցկացնելու համար»,- ասաց նախարարը

Նրա խոսքով` եթե ցուցանիշները տարբերվեն, ուրեմն կա խնդիր, որ պետք է լուծվի, հնարավոր է դա պահման պայմանների սխալն է, հետազոտությունների կատարման սխալն է:

Իսկ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից ու սխալներից նոր համակարգն ապահովագրելու համար նախարարը խոստանում է նախարարության մշտական ուշադրության կենտրոնում պահել այն ու պարբերաբար վերահսկել կատարվող հետազոտությունները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am