Փոխզիջումների մշակույթն ու պրագմատիզմն Արցախում կգերիշխեն. քաղտեխնոլոգ

Արցախի իշխանություններն ու հասարակությունը հասկանում են, որ ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը կարող է Ադրբեջանի «ձեռքերին» ազատություն տալ։

Արցախում առկա իրավիճակը մտահոգություն է առաջացնում փորձագիտական և քաղաքական շրջաններում։

Այնտեղի ներքաղաքական լարվածությունը չափազանց վտանգավոր է` հաշվի առնելով հակառակորդի գոյությունը։ Դիտորդների կարծիքով` Արցախի ղեկավարության դեմ ուղղված բողոքի ակցիաները անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում, մեկնաբանելով իրավիճակը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ անկասկած, որոշակի խմբեր և ուժեր կան, որոնք կցանկանային Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները պրոյեկտել Արցախի վրա։ Նրանք կարծում են, որ եթե Հայաստանում հաջողվեց իշխանափոխության հասնել, ապա ինչու նույնը չի կարելի անել նաև Արցախում։

Սակայն ի տարբերություն Հայաստանի, Արցախի ղեկավարությունը փորձում է ինքնուրույն և օպերատիվ կերպով կարգավորել խնդիրը բողոքի ոչ ֆորմալ առաջնորդների հետ բանակցությունների ճանապարհով։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին երեկոյան ընդունել է բողոքի ցույցի մասնակիցներին, ինչը հույս է ներշնչում, որ իրավիճակը վերջնականապես հնարավոր կլինի լիցքաթափել։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Արցախում հարթակ կստեղծվի, որտեղ ներկայացված կլինեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական կուսակցություններ և ուժեր, որոնք կկարողանան իրենց տեսակետը հասցնել իշխանություններին։ Արցախում փոխզիջումերի հասնելու մշակույթ կա։ Այնտեղ մարդիկ ավելի պրագմատիկ են, ի տարբերություն նույն Հայաստանի, կարծում է Հակոբյանը։

Ավելի վաղ Ստեփանակերտի իրադարձությունները մեկնաբանել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, որը հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է շատ արագ և օպերատիվ միջամտի իրավիճակին և սատարի Արցախի իշխանություններին։ Նախկին նախագահը համոզված է, որ ճնշումներ չի կարելի թույլ տալ պատերազմական վիճակում գտնվող ղեկավարության վրա։ Տեր–Պետրոսյանը կարծում է, որ Արցախում իրավիճակը կայունացնելու համար սեփական ազդեցությունը պարտադիր պետք է օգտագործեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Բաբայանը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի վերջինիս անհապաղ ազատ արձակել։

Հակոբյանի կարծիքով` հիշատակված գործիչները մինչ օրս չեն միջամտում, քանի որ Արցախի իշխանություններին դեռ հաջողվում էր վերահսկել իրավիճակը։ Սակայն եթե ինչ-որ պահի բողոքի ցույցերը նոր թափ ու մասշտաբներ ստանան, ապա կմիջամտեն ոչ միայն նախկին առաջնորդները, այլև Հայաստանի գործող ղեկավարությունը։

Բացի այդ, եթե այդ մարդիկ հանրորեն չեն արտահայտվել, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք անգործության էին մատնված, նշեց քաղտեխնոլոգը։

«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանություններն ուշադիր հետևում են Արցախում տիրող իրավիճակին և մշտապես կապի մեջ են Ստեփանակերտի հետ։ Իսկ Հայաստանի առաջին նախագահի մոտեցումը պրագմատիկ է։ Այն ինչ ընդունելի է Հայաստանի համար, միշտ չէ, որ ընդունելի է և թույլատրելի Արցախի համար», – ընդգծեց Հակոբյանը։

Իհարկե, Արցախի իշխանությունը չպետք է մշտական լինի, սակայն հարցը մեթոդաբանությունն է, նշում է փորձագետը։ Կարելի է երկխոսություն սկսել, հասկանալ մարդկանց դժգոհության պատճառները, անհրաժեշտության դեպքում կադրային լուծումների գնալ։ Սակայն պահանջել անհապաղ իշխանության հրաժարականը, վերջնագիր ներկայացնել, հաշվի չառնելով իրավիճակը տարածաշրջանում, որոշակի խելամիտ ժամկետներ չնշելով, չափազանց վտանգավոր ու հակաարդյունավետ է։ Կտրուկ փոփոխությունները, այդ թվում նաև ուժային կառույցներում, հղի են անկանխատեսելի հետևանքներով։ Արցախում ցանկացած ապակայունացում կարող է ազատություն տալ Ադրբեջանի «ձեռքերին», նախազգուշացնում է քաղտեխնոլոգը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Հակոբյանը, բողոքի ցույցերը լուրջ ազդանշան էին Արցախում արմատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Արցախի իշխանությունները պետք է «վերևից» սկսեն հեղափոխությունը, և ոչ մի րոպե հապաղել չի կարելի։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԱԾ–ի աշխատակիցների և քաղաքացիների միջև։ Դրանից հետո քաղաքում բողոքի ցույցեր սկսեցին իրականացնել` պահանջելով ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am