Պետական պարտքը մոտենում է ռիսկային սահմանին. զգուշացնում է ՀՀ ֆինանսների նախարարը

Պետական բյուջեի պակասուրդը կազմել է 266.7 մլրդ դրամ։ Ընդ որում, պակասուրդն էապես նվազել է ի հաշիվ պարտքերի ավելացման, մասնավորապես՝ ՌԴ-ից ստացված ռազմական 180.1 մլրդ դրամի վարկի հաշվին։ ԱԺ–ում քննարկվում է բյուջեի կատարողականը։

2017 թ.–ին Հայաստանն ավելի շատ պարտք է վերցրել, քան կապիտալ ներդրումներ արել։ Այսօր ԱԺ-ում, 2017թ.-ի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը ներկայացնելով, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Անցած տարվա պետբյուջեի եկամուտները կազմել են 1 237,2 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Ծախսերը կազմել են 1 503.9 միլիոն դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.8 տոկոսով։ Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թվականի պետական բյուջեի պակասուրդը կազմել է 266.7 մլրդ դրամ։ Ընդ որում, պակասուրդն էապես նվազել է ի հաշիվ վերոհիշյալ պարտքերի ավելացման, մասնավորապես՝ ՌԴ-ից ստացված ռազմական 180.1 մլրդ դրամի վարկի հաշվին։ Դրա շնորհիվ պակասուրդը 2017թ.–ին` ՀՀ ՖՆ գնահատականներով, կազմում է ՀՆԱ-ի 4.8 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Ինչ վերաբերում է պետական պարտքի ծավալի ավելացմանը, Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ այն երկրները, որտեղ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 և ավելի տոկոս է, համարվում են ռիսկային, Հայաստանի դեպքում այդ ցուցանիշն արդեն հասել է 47.6 տոկոսի։

«Ուշադրության կենտրոնում պետք է պահենք պարտքի կառավարելիությունը, այլապես կվտանգենք ցանկացած զարգացման նախաձեռնություն»,- զգուշացրեց ֆինանսների նախարարը։

«Հայաստանի բյուջեի եկամուտների վրա էական ազդեցություն են ունեցել նաև ՌԴ-ից ստացված մասնավոր տրանսֆերտները, առևտրաշրջանառությունն ու պղնձի և նավթի համաշխարհային գները»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ պղնձի գներից էապես կախված է Հայաստանի տնտեսությունը, մինչդեռ նավթի համաշխարհային գներն անմիջականորեն ազդում են ՌԴ տնտեսության վրա, ինչն էլ իր արձագանքն է ունենում Հայաստանի տնտեսությունում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am