Որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել. Փաշինյանն՝ Արա Բաբլոյանի բացակայությունից

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱԺ նախագահի բացակայությանը:

«Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել, թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն:

Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու, իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ երեկվա միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կային: «Այդ միջոցառումն, ընդհանուր առմամբ, ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված Սարդարապատում տոնական միջոցառման ժամանակ հնչել էին երկրորդ աշխարհամարտի հաղթանակին նվիրված երգեր, ինչը մեծ քննադատությունների էր արժանացել: Քննադատությունների էր արժանացել նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությունը, ինչին ԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուրա Էղաջանյանը արձագանքելով նշել էր, թե պաշտոնապես հայտարարում է, որ Արա Բաբլոյանը հրավիրվել է որպես ԱԺ նախագահ:

Իհարկե, Փաշինյանի մեկնաբանությունը իներցիայի հետ կապված տրամաբանական կլիներ, եթե Հայաստանում նոր իրավիճակ հայտարարված չլիներ եւ ինքն ու իր մերձավոր շրջապատը չհնչեցնեին, որ սա նոր Հայաստանն է:

Աղբյուրը՝ henaran.am