ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել նաեւ ՊԵԿ նախկին նախագահին, բայց նա երկրից հեռացել է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլեւս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով, ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է: Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է եւ իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա:

Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, եւ թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Հնարավոր է, որ այդ հիվանդությունները այնքան խորը եւ անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը եւ կամավոր Հայաստան վերադառնան»: