Չկա Սահմանադրական փակուղի: Վստահեցնում է ՍԴ նորաթուխ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀԺ-ի հարցին, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, Սահմանադրական փակուղու պատճառով հնարավոր չի լինում դուրս գալ այդ ճգնաժամից: Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք նման իրավիճակներում մեր Սահմանադրությունը լուծումներ տալիս է, երբ խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմություն է դառնում, իսկ փոքրամասնությունը՝ գործադիրում իշխանություն է ձեռք բերում, Թովմասյանը հայտարարեց. «Իրավասու չեմ պատասխանել»:
Լրագրողների հարցապնդումներից հետո, Հրայր Թովմասյանն հայտարարեց, որ այն Սահմանադրությունը, որի մշակմանը ինքը մասնակցել է, արժանացել է ե՛ւ հայաստանյան, ե՛ւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին: Ապա հավելեց, որ այս ժամանակահատվածում դեռեւս այդ Սահմանադրությունը որեւէ խնդիր չի առաջացել:
Դիտարկմանը՝ թե փորձը ցույց տվեց, որ դա կոնկրետ Սերժ Սարգսյանի համար էր գրված, նա ասաց, որ այդպես մտածողները սխալվեցին, հավանաբար՝ Թովմասյանը նկատի ուներ գործող վարչապետին, քանի որ Փաշինյանն ԱԺ-ում հաճախակի էր այդ մասին խոսում:
«Դուք տալիս եք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոնտեքստ ունեն, Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ապահովել չեզոքություն եւ զսպվածություն, խնդրում եմ ձեզ մի տվեք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որովհետեւ ես դրանց չեմ կարող պատասխանել: Ես վատ եմ զգում, որ չեմ կարող պատասխանել ու հարցը մնում է օդի մեջ»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Հարցին ՝ Վահե Գրիգորյանին տեսնում է դատարանի կազմում, Հրայր Թովմասյանը պատասխանեց.
«Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը: Ես՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությանը՝ չնայած տարաձայնություններին, Հրայր Թովմասյանն ասաց.
«Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որեւէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները»:
Աղբյուրը՝ armtimes.com