Մխիթար Հայրապետյան. «Արի տուն» ծրագիրը չի կասեցվի, բայց կփոփոխվի

«Այս պահին Սփյուռքի նախարարությունում մեզ համար պետք է առանձնացնենք երեք ուղղություն՝ հայրենադարձություն, որն այս պահին պետք է լինի առաջնային, տնտեսական, բիզնես, գիտական ներուժի խորքային ուսումնասիրում և կենտրոնացում, և երրորդ՝ հայապահպանություն», – մայիսի 20-ին ԼՈՖԹ-ում զրույց-հանդիպման ժամանակ նշեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով, ՀՀ նոր կառավարությունը շատ հավակնոտ ծրագիր է առաջ քաշել՝ երկրի բնակչության ավելացման հետ կապված.

«Հայրենադարձությունը պետք է լինի բնակչության թվի աճին նպաստելու առաջնային եղանակը:

Սա մի կառավարություն է, որն աշխատելու է ամեն հայի հետ։ Եղել ենք նախկին իշխանության լուրջ քննադատները, բայց նախարարություններում, այդ թվում Սփյուռքի նախարարությունում եղել են ու կան լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք շատ լուրջ աշխատել են ու աշխատելու են։ Այլ խնդիր, որ չի եղել քաղաքական կամք, որ թղթին հանձնվածն ի կատար ածի։ Իմ աշխատակիցներն իրենց մտքի թռիչքը իմ միջոցով կյանքի են կոչելու»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին օրակարգում քննարկվում է «Հայրենադարձության մասին» ռազմավարական օրենքի նախագծի մշակումը։

Նախարարը նշեց, որ 2018 թվականին «Արի տուն» ծրագիրը չի կասեցվի։

«Բայց հետագայի համար տվել եմ հանձնարարական, որ պետք է արվի ռեբրենդինգ, փոփոխություններ կլինեն։ Պետք է բոլորովին նոր ձևով այդ ծրագրերն իրագործենք»,-ասաց նախարարը։

Տեսանյութը այստեղ՝ hayastan24.com