Վերջին շաբաթներին երկրում քաղաքական իրողության փոփոխության հետ կապված իրար հաջորդեցին Ռիտա Սարգսյանի հովանու տակ գործող բարեգործական հիմնադրամների գործունեության դադարեցումները: Մասնավորապես երեկ իր գործունեությունը դադարեցրեց «Նվիրիր կյանք» բարեգործական ընկերությունը, որը աջակցում էր ծանր հիվանդություններով երեխաներին: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դադարեցվել էր նաև «Արագիլ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն էլ ֆինանսավորում էր անպտուղ զույգերին՝ օժանդակելու իրենց ընտանիքը:
Որպեսզի քաղաքացիների մոտ այս հիմնադրամների գործունեության դադարումից հետո հուսահատություն չստեղծվի, ներկայացնում ենք ևս մեկ այլ նախաձեռնության մասին, որը հավակնում է լրացնել բարություն տարածելու բացը:
Ինչպես ավելի վաղ ներկայացրել էինք, բողոքի ակցիայի օրերին Հայաստան էր ժամանել Իսպանիայում բնակություն հաստատած Տիգրանը, ով փաստորեն այս ընթացքում Հայաստանում էր՝ գաղափարակից հայրենակիցներին սատարելու համար: Պարզվում է Տիգրանը մոտ 1 ու կես տարի առաջ ստեղծել է «Հայ ասոցիացիա» հիմնադրամը, որը ներկայացնում է նոր նախաձեռնություն՝ «Հայ մանուկ», որն էլ կոչված է օգնելու փոքրիկով համալրել բոլոր անպտուղ հայ ընտանիքներին:
«Բարեգործական ասոցիացիան օգնում է անպտուղ ընտանիքներին՝ արտամարմնային բեմնավորման շնորհիվ ունենալ երեխաներ:
Ասոցիացիան ոչ մի շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին ունենալ երեխաներ: Ի դեպ, ընտրվում են այնպիսի զույգեր, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց իրենք հետագայում կարող են երեխայի մասին հոգ տանել, կրթել, դասիտարակել:
Մենք հավաքում ենք անհրաժեշտ գումարը ու երբ շահառու զույգը գնում է հիվանդանոց ու բժիշկը ասում է, այո, կա 20%-ից ավելի հավանականություն, որ զույգը կարող է արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա կունենա, մենք փոխանցումը կատարում ենք:
Նշեմ, որ փոխանցումը կատարում ենք միայն բանկային տարբերակով, որ ներդրողների համար ամեն ինչ թափանցիկ լինի: Այս պահի դրությամբ ունենք 3 զույգ, որ երեխայի են սպասում»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում պատմել էր Տիգրանը:
Ինչպես երևում է, նախաձեռնության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն օր օրի աճում է՝ ներգրավելով նաև հայ հայտնի ու սիրված դեմքերին ևս: Ասոցիացիայի էջում տեղադրվել է Հայկ Մարությանի կոչը՝ միանալու ու սատարելու այս նախաձեռնությանը: