«Նվիրիր կյանք»-ն էլ է դադարեցնում գործունեությունը

«Նվիրիր կյանք» հիմնադրամն իր պաշտոնական կայքում տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նշենք, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինն էր՝ Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի գործունեության ժամանակավոր դադարեցման պատճառն այն է, որ Ռիտա Սարգսյանն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը:

Հիմնադրամի նպատակը օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն ցուցաբերելն է: «Հայկական հիմնադրամի գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում երեխաները ստանան լիակատար բուժում: Քաղցկեղը բուժվում է: Երեխաներին հարկավոր է օգնել: Պետք չէ նրանց միայնակ թողնել իրենց դժբախտության հետ»,-նշված է պաշտոնական կայքում:

Թեև հաղորդագրության մեջ նշվել է, որ հիմնադրամի աշխատանքի վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն, այնուամենայնիվ, հիմնադրամից մեզ հաջողվեց որոշակի տեղեկություններ ստանալ:

Հիմնադրամի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, Past.am-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Դուք գիտեք, որ մեր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը տիկին Ռիտա Սարգսյանն էր: Քանի որ այլևս ինքը չէ, հիմա երևի ուրիշ մարդ պետք է գա: Մենք ինչ-որ նորությունների ենք սպասում»:

Հարցրեցինք՝ կա՞ն առաջարկներ կամ այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկություն հայտնողներ:

«Դեռ չկան, դեռ սպասում ենք»,-պատասխանեց աշխատակիցը:

Դիտարկմանը, թե հեռանալուց առաջ տիկին Սարգսյանը որևէ պատճառաբանություն չի՞ նշել, աշխատակիցն ասաց՝ ոչ:

Հետաքրքրվեցինք՝ գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու վտանգ կա՞, նա պատասխանեց. «Ամեն դեպքում հույսեր ունենք, որ գործունեությունը չի դադարեցվի, որովհետև մեր հիմնադրամում օգնության կարիք ունեցող 700 երեխա կա, և ինձ չի թվում, թե կթողնեն, որ այդ 700 երեխա մնա առանց ֆինանսական օգնության»:

Հիմնադրամը գործում է 2009 թվականից: Աշխատակիցն ընդգծեց, որ «Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է առանց Ռիտա Սարգսյանի, նա որոշ ժամանակ հետո է միայն դարձել պատվավոր նախագահ:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են նաև մի շարք ճանաչված արվեստագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Նրանց թվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, երգահան Մարինա Ալեսը, ջազմեն Լևոն Մալխասյանը, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշան Արևշատյանը: Իսկ հիմնադրամի հովանավորների շարքում են «Ամերիա» բանկը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, «Գրանդ Քենդի» ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «ՍԱՍ գրուպ»-ը: Առաջիկայում կփորձենք ստանալ նաև վերոնշյալ անձանց ու ընկերությունների մեկնաբանությունները:

Աղբյուրը՝ past.am