Երևանի քաղաքապետարանի դիմաց կրկին հավաքվել են մի շարք քաղաքացիներ և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Այս բողոքի ակցիան արդեն մի քանի օր է, ինչ տեղի է ունենում: Քաղաքացիները առավոտյան 10:00-ից հավաքվում են քաղաքապետարանի դիմաց, այնուհետև ավտոերթ են իրականացնում:
Այսօր ևս հայտարարվել է երթ իրականացնելու մասին, սակայն հնարավոր է՝ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթով տեղափոխվեն Շենգավիթի դատարան, որտեղ տեղի է ունենալու ՊՊԾ գունդը գրավելու գործով 10 անդամների դատական նիստը:
«Հեղափոխությունը կատարվել է, երկրի վարչապետը հրաժարական է տվել, և նրան պետք է հետևեն մնացածը՝ քաղաքապետն իր կազմով և Հանրապետական կուսակցությունը: Հակառակ դեպքում՝ հեղափոխությունն անիմաստ է դառնում»,- ասաց ցուցարարներից մեկը:
Աղբյուրը՝ tert.am