Հայաստանում ամեն ինչ չէր, որ վատ էր, բայց սա նոր սկիզբ է. Սերժ Թանկյանը

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Al Jazeera հեռուստաալիքին ասել է, թե երբ պետք է դրական փոփոխություններ սպասել Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը կարող է մի շարք բարեփոխումներ անցկանցել երկրում, և դա նոր մեկնարկ է, որը մեզ անհավանական հույս է ներշնչում։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ հայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը` մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։

«Մենք` որպես արտիստներ, պաշտպանում ենք արդարությունը և մարդու իրավունքները ոչ միայն ԱՄՆ–ում, այլ նաև Հայաստանում։ Եվ որպես արտիստ ես միշտ հավատացել եմ, որ պետք է ասեմ ճշմարտությունը` անկախ նրանից, դա դուր է գալիս ինչ-որ մեկին, թե ոչ», – ասել է System of a Down խմբի առաջատարը։

 

Թանկյանն նշել է, որ 1991թ–ին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում ձևավորվել է հետխորհրդային երկրների համար տիպիկ օլիգարխիկ համակարգ, որն էլ կառավարել է երկիրը։ Նա նշել է այնպիսի բացասական գործոններ, ինչպիսիք են գործազրկության բարձր մակարդակը և արտագաղթը։

«Բնակչության մեկ երրորդն ապրում է աղքատության մեջ, առկա է գործազրկության բարձր մակարդակ։ Անարդարություն դատարաններում, իրավապահ մարմիններում», – նշել է երաժիշտը։ Նա կարծում է, որ եկել է պահը ու մարդիկ արդեն հասկացել են, որ բավական է։

«Կարծում եմ, որ Նիկոլը կարող է բարեփոխումներ սկսել իրավապահ համակարգում, ինչպես նաև դատական։ Նա պատրաստվում է խորհրդարանում անցկացնել ընտրական բարեփոխումներ։ Ես չգիտեմ, թե որքանով հեշտ կլինի, բայց դա մարտահրավեր է», – ենթադրում է ռոք երաժիշտը։

Թանկյանի կարծիքով` բարեփոխումների գործընթացի հաջողությունը շատ առումներով կախված կլինի մարդկանց համառությունից և համբերատարությունից։ «Երբ ես խոսում եմ համբերատարության մասին, նկատի չունեմ, որ այդ բարեփոխումները կտևեն տասնամյակներ, ես խոսում եմ մի քանի տարիների մասին, հնարավոր է` հինգ», – ասել է Թանկյանը։

Նրա խոսքով` պահանջվում է մի քանի տարի` երկրում կյանքը դեպի լավը փոխելու համար։ Միաժամանակ, երաժիշտը նշել է, որ Հայաստանի նախորդ առաջնորդներին բոլորովին վատ ղեկավարներ չի համարում, չէ՞ որ անկախություն ձեռք բերելուց ի վեր 20 տարիների ընթացքում երկիրը հասել է որոշակի առաջընթացի։

«Բայց սա բոլորովին այլ մեկնարկ է, որը մեզ անհավանական հույս է տալիս», – հայտարարել է Թանկյանը` խոսելով Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» մասին։

Նշենք, որ հանրահայտ երաժիշտը Հայաստան է եկել մայիսի 7-ին։ Փաշինյանը նրան դիմավորել էր օդանավակայանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am