ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը չի լսել, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանին չի տեսնում Պաշտպանության նախարարի պաշտոնում։
«Ես չեմ լսել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ինձ չի տեսնում, երկրորդը՝ ես, ճիշտն ասած, չէի էլ ակնկալում, որ ինքը ինձ պետք է տեսնի, որովհետև ինչքան էլ տարբեր լինեն մեր հայացքները, ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Փաշինյանին, և եթե ինքը իմ մասին ունենար նման կարծիք, որ կարող է ինձ առաջարկեր մնալ Պաշտպանության նախարար, իմ կարծիքն իր մասին շատ կփոխվեր», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, թե բոլորն էլ հասուն մարդիկ են ու ունեն գործընթացների լիարժեք պատկերացում։
«Կարծում եմ՝ շատ բնական և շատ նորմալ է, որ չեմ ստացել առաջարկ, եթե ստանայի առաջարկ, նախապես մի քանի խողովակով հնչեցրել եմ՝ ինչպիսին կլինի իմ արձագանքը, ընդ որում, ասել եմ, որ եթե այդպիսի առաջարկ լինի հանրայնորեն, իմ պատասխանը լինելու է շատ հանրայնորեն», – ասաց նա։
Վիգեն Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է վերջինիս, թե ինչու է բացառում իր մասնակցությունը նոր կառավարության կազմում։
«Մի քանի խողովակով եղել է քննարկում, թե ինչքան լավ կլինի, եթե ես շարունակեմ ծառայությունս: Ես չեմ կարող ասել, թե այդ խողովակները կապված են Փաշինյանի հետ, իր թիմի հետ կամ ինչ-որ մեկի հետ, բայց եղել են բավականին տարբեր մարդիկ ու պաշտոնյաներ, որոնք առաջարկել են քննարկել դա», – ասաց Վ. Սարգսյանը։