«Հաստագլուխ դասախոսին կուզենայի մի բան հուշել…». Կոշտ պատասխան Գլենդելից՝ ՀՀԿ -ական դասախոս Միհրան Հակոբյանին

Օրերս  ՀՀԿ խորհրդի անդամ, ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը հայտարարություն էր արել այն մասին, որ անկախ քաղաքական ու գաղափարական նախասիրություններից՝ մի բան պարզ է. «Գլենդել ճողոպրած հայերը իրավունք չունեն քթները մտցնեն Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ու գտնվելով Երևանից հազարավոր կիլոմետր հեռու՝ ասեն, թե ով է ընտրվել Հայաստանի նախագահ… Մնայիք ձեր երկրում, իրավունք ունենայիք խոսել…

Այս ամենը կանցնի, կգնա, բայց Գլենդելի հայկական «զբրոդը» չի փոխվի»:

Այս գրառումը վրդովեցրել է սփյուռքի մեր հայրենակիցներին:  ArenaNews.am կայքի հետ զրույցում ՀՀԿ-ական դասախոսի գրառմանն անդրադարձել է ամերիկաբնակ Արտակ Մարտիրոսյանը, ով օրերս նույնպես գրառում էր կատարել տեղի ունեցող դեպքերի մասին:

«Նախքան սփյուռքի արձագանքին գնահատականն տալն ու  դեռ ավելին՝ սահմանափակելը մեր կողմից գնահատողական դատողություններ անելուն, կխնդրեմ այդ ամպագոռգոռ հայտարարության հեղինակին հիշել, թե ինչու են մեր հայրենակիցները դուրս եկել հայրենիքից ու հասել արտերկիր:  Բացարձակ ճշմարտություն է, որ նրանցից շատ շատերը հեռացել են Հայաստանից՝ անօրինականությունների, իշխանությունների կողմից անտեսված ու  արհամարհված լինելու, օրենքների չգործածության, անպատժելիության ու նման էլի հազար ու մի պատճառով:

Հաշվի առեք , որ Հայաստանում բնակվող մարդկանց մի ստվար զանգվածի անձնագրերում կարող ենք տեսնել  ԱՄՆ-ի դեսպանատան մուտքի արտոնագրի մերժում: Եվ դա բոլորովին չի նշանակում, որ այդ հայերը շատ ավելի հայրենասեր են, քան ինչ-ինչ հանգամանքներով  սփյուռքում  հայտնված հայերը:

Անօրինականնությունների ու կեղծիքների ճնշման տակ են այդ մարդիկ դրսի ճամփան բռնել ու անգամ արտերկրում էլ՝ հետևելով Հայաստանի քաղաքական կյանքի անցուդարձին, նրանցից շատերի մոտ նախկին հիասթափությունները կրկնապատկվել են: Ու հիմա, երբ փոփոխության հույս ու քայլ է արվում, միանշանակ ու նորմալ է նաև սփյուռքահայության անդրադարձը: Թույլ տվեք չկարծել, թե Դուք սփյուռքին  միայն ֆինանսի աղբյուր եք ընկալում ու հիշում եք սփյուռքի գոյության ու անհրաժեշտության մասին, երբ հեռուստամարաթոններ ու նման այլ օժանդակության կարիքներ  է լինում:

Հայաստանաբնակ շատ ադեկվատ քաղաքացիներ ու գործիչներ  ողջունում ու քաջալերում են սփյուռքում ապրող մեր այն հայրենակիցներին, ովքեր իներտ չեն մնացել այս ամենում: Ես վստահ եմ, եթե սփյուռքը լռեր, շատերը սկսելու էին մեղադրել նրանց այն բանի մեջ, որ հեռվից թամաշա են անում հայրենիքում տեղի ունեցող դեպքերին:

Սփյուռքն ունի պոտենցիալ, ու դա պետք է խելամիտ օգտագործել. Վերջապես ստեղծվել է առիթ, որ սփյուռքահայը վերագտնի իր հավատը Հայաստանի իշխանությունների հանդեպ, հավատա, որ ինքն էլ խոսք ասելու իրավունք ունի, համոզվի, որ իր ջանքերն իզուր չեն եղել:

Իսկ ինչ վերաբերվում է Գլենդելի «զբրոդին»՝ հաստագլուխ դասախոսին կուզենայի մի բան հուշել՝ զբաղվեք Ձեր գործով ու անգամ փորձ մի արեք սահմանափակելու մյուսների իրավունքները, որոնք այս ու նման այլ հարյուրավոր հարցերում լիարժեք հավասար են Ձեր իրավունքներին:

Աղբյուրը՝  ArenaNews.am