Ցուցարարների կողքին լինելու համար Իսպանիայից Հայաստան եկած Տիգրանն իր բարեգործական ասոցիացիայով օգնում է նաև անպտուղ ընտանիքներին ունենալ զավակ

Իսպանիայում բնակություն հաստատած Տիգրանի տեսանյութ-ուղերձը  օրերս կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում:  Տիգրանն իր օրինակով անուղղակիորեն  կոչ էր անում սփյուռքահայերին՝ այս օրերին գալ Հայաստան ու աջակցել հայրենակիցներին:

1-ին տեսանյութը հրապարկելուց 1 օր անց, համացանցում էր արդեն 2-րդը՝ Տիգրանն արդեն Հանրապետության հրապարակում էր՝ ցուցարարների կողքին:

Տեսանյութ ուղերձի գործնական արձագանքի, Հայաստանի քաղաքական կյանքի անցուդարձին հետևելու ու անհատական նախաձեռնությունների մասին նա  անկեղծացել ArenaNews.am կայքի հետ զրույցում:

Տիգրան, գաղտնիք չէ, որ Ձեր հրապարակած տեսանյութը լայն տարածում գտավ համացանցում, ի՞նչպես առաջացավ միտքը նման տեսանյութ հրապարակելու:

-Երբ իմացա, որ Հայաստանում բախումներ են տեղի ունենում, զգացի, որ անհրաժեշտ կլինի  նաև սփյուռքահայության աջակցությունը: Ես ուզում էի իմ քայլով օրինակ ծառայել մյուսների համար: Պետք է մարդկանց մեջ հայրենասիրությունն արթնացնել, մարդիկ պիտի տեսնեն մյուսների օրինակն ու իրենք էլ դրանով ոգևորվեն ու սկսի մեծ ներգաղթ դեպի Հայաստան: Հայրենասիրությունը պատճառաբանություններ չի ընդունում:

-Ակնկալում է՞իք, որ տեսանյութը նման արձագանք կստանա ու կողջունվի ֆեսյբուքյան հազարավոր օգտատերերի կողմից:

-Ոչ, անկեղծ ասած, ես դա արել եմ, որ ինձ ճանաչողները, իմ ընկերները ոտքի ելնեն ու ինձ հետ գան: Տեսանյութը իմ էջում տեղադրեցի, որ շրջապատս իմանա այդ մասին ու միանա:

-Կխնդրեմ Ձեր քայլի շոշափելի արդյունքի մասին ևս նշեք, եղա՞ն գործնականում միացողներ:

Դրանից հետո շատ-շատ մարդիկ են ինձ հետ կապվել, ասել, որ իրենք էլ են գալիս Հայաստան, նրանց թվում իմ ընկերները՝ Փարիզից, Մադրիդից, Վալենսիայից…Իրոք, ինքս էլ զարմացա ու ուրախացա, որ աշխատեց այդ օրինակը:

Իսկ առհասարակ Հայաստանի քաղաքական կյանքին որքանո՞վ եք հետևել:

-Գրեթե միշտ հետևել եմ: Հայասնում՝ հայրենակիցներիս կողքին եղել եմ նաև էլեկտրիկ Երևանի դեպքերի ժամանակ, քառօրյա պատերազմի օրերին՝ ևս: Ու ցանկացած դեպքում, եթե էլի լինի իմ կարիքը Հայաստանում, պատրաստ եմ որ երկրում էլ լինեմ, գամ ու հայրենակիցնմերիս կողքին լինեմ:

-Հանրապետության հրապարակում ցուցարարների ձեռքին ծածանվող հսկայական դրոշը, եթե չեմ սխալվում ևս Դուք եք բերել Իսպանիայից:

-Այո, ճիշտ եք:

Տիգրան, Հայաստանում ունե՞ք մտերիմներ, ինչո՞վ եք այստեղ զբաղվում:

-Այստեղ հարազատներս են, ընկերներս ու իմ ապագա հարսնացուն, իսկ գործունեություն չեմ ծավալում այստեղ:

Արդեն 13 տարի է, ինչ ապրում եմ Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Հիմնականում զբաղվում եմ թանկարժեք քարերի ու մետաղների առքուվաճառքով, բացի դրանից ունեմ նաև բարեգործական ասոցիացիա, որը օգնում է անպտուղ ընտանիքներին՝ արտամարմնային բեմնավորման շնորհիվ ունենալ երեխաներ:

Ասոցիացիան ոչ մի շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին ունենալ երեխաներ: Ի դեպ,  ընտրվում են այնպիսի զույգեր, ովքեր չունեն բավարար ֆինանսական միջոցներ, բայց իրենք հետագայում  կարող են երեխայի մասին հոգ տանել, կրթել, դասիտարակել:

Մենք հավաքում ենք անհրաժեշտ գումարը ու երբ շահառու զույգը գնում է հիվանդանոց ու բժիշկը ասում է, այո, կա 20%-ից ավելի հավանականություն, որ զույգը կարող է արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա կունենա, մենք փոխանցումը կատարում ենք:

Նշեմ, որ փոխանցումը կատարում ենք միայն բանկային տարբերակով, որ ներդրողների համար ամեն ինչ թափանցիկ լինի: Այս պահի դրությամբ ունենք 3 զույգ, որ երեխայի են սպասում:

-Ի՞նչքան ժամանակ է, ինչ գործում է ասոցիացիան:

-Բավական ժամանակ նույն գործունեությունն արել ենք ես և ընկերս՝ անանուն տարբերակով, բայց հիմա, քանի որ հաշվետու ենք բազմաթիվ ներդրողների ու դոնորների առաջ, ամեն ինչ հրապարակվում է: Բարեգործությունը պաշտոնապես ասոցիացիայի անունից սկել ենք իրականացնել մոտ մեկ տարի է:

-Իսկ ի՞նչ սկզբունքով է զույգն ընտրվում:

-Նախ նշեմ, որ բեղմնավորումը պարտադիր կատարվում է Հայաստանում. մեծ մասամբ՝ շեշտը դրված է հայաստանաբնակ հայերի վրա, բայց մեզ կարևոր է, որ ծնվեն հայ երեխաներ: Մենք ունենք մի զույգ, որ Ուկրաինայից եկել է Հայաստան, կատարվել է արտամարմնային մեղմնավորումն ու հետո իրենք ետ են գնացել Ուկրաինա, բայց պարտադիր է, որ ծնողները հայ լինեն:

Ի դեպ, ներդրողներն աշխարհի տարբեր երկրներից են, այդ թվում՝ ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և շատ շատերը Իսպանիայից, քանի որ հիմքը հենց այնտեղ ենք դրել:

 

-Տիգրան, իսկ ինչքա՞ն ժամանակ եք պատրաստվում Հայաստանում մնալ:

-Ճիշտն ասած՝ այսօր արդեն տոմսերն էի նայում, որ գնայի, բայց երևի կսպասեմ մայիսի 8-ին. Այդ օրը կընտվի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետը, նոր կգնամ:

-Եվ վերջում,  այսօր և երեկ ՀՀԿ-ի կողմից բանավոր հայտարարություններ արվեցին, որ պատրաստվում են ոչ միայն չխանգարել, այլև՝ քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին,  ունե՞ք որևէ մտավահոգություններ այս առթիվ:

-Շատ չեմ վստահում այդ հայտարարություններին, եթե միանշանակ վստահեի,  ետ գնալու տոմսերս արդեն կգնեի, հատկապես, որ մեկ անգամ արդեն տոմսեր ամրագրել, հետո չեղարկել եմ:

Չեմ հավատում, բայց ամեն դեպքում, ինչ էլ անեն՝ ժողովուրդը հաղթելու է:

Աղբյուրը՝ ArenaNews.am