«Ես մշտապես ժողովրդի հետ եմ». (տեսանյութ)

Այսօր մի շարք դերասաններ, արվեստագետներ հավաքվել էին Մշակույթի նախարարության դիմաց։ Նրանք հորդորում էին, որ նախարար Արմեն Ամիրյանը միանա իրենց և պահանջի ՀՀԿ-ի հրաժարականը։ Նախարար Ամիրյանը դերասանների մոտ ուղարկեց նախ իր օգնականին, որը փոխանցեց, թե նախարարը կարող է ընդունել միայն 5 հոգու և լսել նրանց պահանջը։ Դերասանները հրաժարվեցին բարձրանալ՝ ընդգծելով, որ իրենց պահանջը հստակ է։

«Մեր պահանջն է, որ պարոն Ամիրյանը միանա մեզ և պահանջի ՀՀԿ-ի հրաժարականը»,- ասաց դերասան Մուրադ Նադիրյանը։

Ավելի ուշ դերասանների մոտ եկավ նախարար Ամիրյանը, ով նշեց, թե ինքը մշտապես ժողովրդի հետ է. «Ես կկատարեմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, մինչև նոր կառավարություն ձևավորվի։ Ես մշտապես ժողովրդի հետ եմ։ Ոչ միայն ես, այլև ամբողջ ժողովուրդը, բոլորը միասնական են։ Կան հստակ պարտականություններ, որոնք պետք է կատարել․ խոսքը կառավարության անդամի աշխատանքի մասին է»։

Դիտարկմանը, թե այսօր ոչ ոք չի կատարում իր պարտականությունները, նախարարն այսպես արձագանքեց. «Դա յուրաքանչյուր անձի որոշումն է։ Ես խնդրում եմ՝ մի պարտադրեք, որովհետև ես այս պահին կատարում եմ նախարարի ժամանակավոր պարտականությունները և կկատարեմ այնքան ժամանակ, մինչև նոր կառավարություն նշանակվի»։

Ամիրյանի այցից հետո դերասան Մուրադ Նադիրյանը նկատեց. «Ամիրյանն ասում է, թե ժողովրդի հետ է, բայց այդպես մեզ հետ չեն լինում. մեզ հետ կլիներ այն դեպքում, երբ ինքն էլ մեզ հետ կանգնած՝ միանար շարժմանը։ Բոլորն էլ ասում են՝ մեզ հետ են, բայց ոչ ոք մեզ հետ չի։ Հիմա մենք չենք աշխատում, չենք գնում աշխատանքի»։

Թատերական ինստիտուտի դասախոսներից մեկն էլ նշեց, որ այնտեղ 100 տոկոսանոց դասադուլ է, նրանք նույնպես միացել են Մշակույթի նախարարության դիմաց գտնվող դերասաններին։

Դերասանները շարունակում են մնալ Մշակույթի նախարարության դիմաց. «Մենք կշարունակենք կոչ անել պարոն Ամիրյանին՝ իր թիմով միանալ մեզ»։ Դերասանուհի Ելենա Բորիսենկոն էլ նշեց, որ դեռ հույս ունեն՝ Արմեն Ամիրյանը կմիանա իրենց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում