Շատ է խոսվել Հայաստանի արտաքին քաղաքականության մոդելների մասին: Թե՛ կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը, թե՛ ավելի թարմ՝ «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը ներկայացվել են որպես ժամանակի լավագույն լուծումներ:
Կոմպլեմենտարիզմը, կամ փոխլրացման քաղաքականությունը իրենից ենթադրում էր համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների շահերի համատեղում եւ զուգակշռի պահպանում: Այն հակադրվում էր արտահայտված ռուսամետ կամ արեւմտամետ դիրքորոշմանը, որը նկատվում էր օրինակ հարեւան Վրաստանում: «Ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունը կոմպլեմենտարիզմի տրամաբանական շարունակությունն է եւ ենթադրում է տարբեր ուժային կենտրոնների հետ սերտ համագործակցություն:
Սակայն մի կողմ թողնելով տարված քաղաքականությունների հաջողված եւ տանուլ տրված կողմերը՝ հարկավոր է փաստել՝ արտաքին քաղաքականության պահանջն այսօր փոխվում է:
«The National Interest»-ի սյունակագիր մեր հայրենակից Արեգ Գալստյանը forbes.ru-ում հրապարակված իր հոդվածում կարծիք է հայտնում, որ չեզոքության ժամանակն անցել է՝ պետք է ընտրություն կատարել: Այս եզրակացությանը նա գալիս է՝ հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության նոր փուլը, որը, ըստ հեղինակի, մնալու է տնտեսական մակարդակի վրա: Գալստյանի խոսքով՝ «այսօր ԱՄՆ-ում ամենապրագմատիկ իշխանություններն են», որոնք քաջ գիտակցում են Ռուսաստանի հետ ռազմական բախման հետեւանքները եւ չեն գնա դրան, անկախ Թրամփի վարչակազմի ռազմական հռետորաբանությունից:
Գալստյանի հոդվածում խոսվում է հիմնականում Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին: Անդրադարձ է կատարվում նաեւ Հայաստանին: Գալստյանի կարծիքով, եթե ԱՄՆ-ն մտրակի քաղաքականություն է վարում իր դաշնակիցներ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի նկատմամբ (նկատի ունի S-400-ների գործարքի չեղարկումը), ապա այլ երկրները՝ առավել եւս Ռուսաստանի դաշնակիցները, չեն կարող այլ հույսեր փայփայել: Ի պաշտպանություն այս տեսակետի Գալստյանը մեջբերում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Մտրակի քաղաքականության օգտին է խոսում նաեւ պետական ծրագրերի համար տրամադրվող օգնության չեղարկումը. ԱՄՆ-ն թողել է տրամադրվող օգնության միայն հումանիտար մասը՝ 6 միլիոն դոլար:
Սակայն, բացի մտրակի քաղաքականությունից, կա նաեւ բլիթների քաղաքականությունը, որը, թերեւս, ավելի պրագմատիկ կլինի ԱՄՆ-ի կողմից: Բանն այն է, որ ընտրելով երկու մտրակների միջեւ (ԱՄՆ եւ Ռուսաստան), մանավանդ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները եւ մթնոլորտը, հայերը կարող են գնալ այլընտրանքային ճանապարհով: Համաշխարհային կենտրոն դառնալու ցանկություն ունեն ոչ միայն Մոսկվան ու Վաշինգտոնը: Եւս առնվազն երկու սուբյեկտ՝ ԵՄ-ն եւ Չինաստանը, նման նկրտումներ ունեն: Հայաստանի եւ «երկրորդ սառը պատերազմից» խուսափող երկրների համար կա եւս մեկ տարբերակ՝ կոնսոլիդացվել առանձին միավորի մեջ: Վերջինը, իհարկե, գիտաֆանտաստիկ ժանրից է թվում, սակայն այսօրվա աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում:
Իսկ եթե ԱՄՆ-ն որոշի սիրաշահել մեզ՝ խոստանա, որ կապահովի մեր անվտանգությունը, կհոգա ֆինանսական խնդիրները, կհարթի Արցախի հարցը՝ չի կարելի տրվել գայթակղությանը: ԱՄՆ-ն արդեն մեկ Իսրայել ունի:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանի ազդեցության գոտուց կտրուկ դուրս գալը ենթադրում է ցնցումներ, հնարավոր է մարդկային կորուստներով: Վերջին օրերին հատկապես ռուսական մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր Հայաստանը փորձելու է արտաքին քաղաքական վեկտոր փոխել, կարելի է պատասխանել՝ «ավաղ, հնարավոր չէ»: Հայաստանի անվտանգությունը առայժմ սերտորեն կապված է Ռուսաստանի՝ Հայաստանում առկայության հետ: Միգուցե տեսանելի ապագայում, երբ մենք կկարողանանք ամբողջովին ապահովել մեր համակողմանի անվտանգությունը, դա հնարավոր կլինի:
Ինչ վերաբերվում է մեր վարած կոմպլեմենտարիզմի, իսկ հետագայում «ե՛ւ, ե՛ւ»-ի արտաքին քաղաքականություններին, ապա պետք է նշել, որ դրանք տարվել են անավարտ, իսկ այսoրվա հրամայականը պահանջում է դրանց սինթեզում: Իհարկե, մենք չունենք ռեսուրս, որպեսզի պայմաններ թելադրենք ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի պես երկրներին: Սակայն միջազգային հարթակներում արժանապատիվ կեցվածք ընդունելիս հնարավոր է մի շարք դիվիդենտներ շահել: Բացի դրանից, «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունում առկա կենտրոնները բալանսավորելու կարիք կա, իսկ այդ բալանսավորումը ողջամիտ կլիներ իրականացնել կոմպլեմենտարիզմի սկզբունքով: Այսինքն, խոշոր կենտրոնների հետ համագործակցությունը հարկավոր է իրականացնել դրանց՝ միմյանց փոխլրացնելու սկզբունքը հաշվի առնելով: Սակայն այս քաղաքականությունը որդեգրելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու՝ առաջին հերթին արժանապատիվ կեցվածք ընդունելը:
Աղբյուրը՝ armtimes.com