Ինչ ճակատագիր կունենան Հայաստան– ԵԱՏՄ հարաբերությունները, եթե Փաշինյանը դառնա վարչապետ

Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Ելքի»` ԵԱՏՄ–ից դուրս գալու որոշման նախագիծը ընդդիմության կողմից խնդիրները բարձրաձայնելու տարբերակներից մեկն էր։
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու խնդիր չի դնում, բայց դա չի նշանակում, որ այդ կառույցում խնդիրներ չկան։ Այս մասին նա այսօր Ազգային Ժողովում ասաց լրագրողներին։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք խմբակցության դիրքորոշման մեջ փոփոխություն է տեղի ունեցել, քանի որ նախկինում «Ելքը» իր որոշման նախագծով առաջարկում էր Հայաստանին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ դու ընդդիմություն ես, հնարավորություն չունես քննարկել այն խնդիրները, որոնք կան այդ կառույցի գործադիր մարմնում։ «Ելքի»` ԵԱՏՄ–ից դուրս գալու որոշման նախագիծը խնդիրները բարձրաձայնելու տարբերակներից մեկն էր։ Երբ դու իշխանություն ես, հնարավորություն ունես  բոլոր խնդիրները փաստաթղթավորել, գնալ և քննարկել կառույցի անդամ երկրների հետ»,–ասաց Փաշինյանը և հավելեց, որ սա արդեն ոչ թե «Ելքի», այլ ՀՀ պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշումն է։

Հիշեցնենք, որ «Հայաստանի մասով «ԵԱՏՄ-ի մասին» համաձայնագրի գործողության դադարեցման մասին» նախագիծը ներկայացվել էր 2017թ–ին, ընդդիմադիր «Ելք» դաշինքի կողմից:Լսումների արդյունքներով քվեարկության ժամանակ հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ մերժել է նախագծի ընդունումը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am