Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»:
Աղբյուրը՝ armenpress.am