«Հրապարակ» թերթը գրում է. «Հարգելի խմբագրություն, խնդրում եմ հրապարակեք իմ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ նա կկարդա և եզրակացություններ կանի: Երկրում կամաց-կամաց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այս ամենից վատ հոտ է գալիս, վախենում եմ մտածել, որ գա այն օրը, երբ երանի տանք Սերժ Սարգսյանին: Որպես Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, փողոցային պայքարի մասնակից՝ ուզում եմ սրտացավորեն մի քանի բան առանձնացնել:
1. Նիկոլ ջան, խնդրում եմ, մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, բայց դու մի սերժացիր: Մենք չենք պայքարել, որ երկրում մի դիկտատուրան փոխարինվի մյուսով, ի՞նչ է նշանակում արգելել այս կամ այն կուսակցությունը: Ես այս պայքարի մասնակից եմ, սակայն պետք է սթափ նայել ամեն ինչին, չի կարող ՀՀԿ-ն չունենալ ընտրազանգված, ինչպե՞ս կարող ես արգելել որևէ կուսակցություն, ո՞ր թիվն է: Սա նշանակում է, որ ապագայում, գալով իշխանության, կախաղան կհանես քեզ քննադատողներին, քո դեմ ակցիաներ անողներին:
2. Նիկոլ ջան, կասկածելի գործընկերներ են ի հայտ գալիս, հայտարարում են, որ միանում են շարժմանը, էյֆորիայի մեջ մի ընկնի, նրանք եթե միացող լինեին, շուտ կմիանային, երբ դուք ամենից շատ աջակիցների կարիք ունեիք, ախր, դա շատ ծիծաղելի է, սթափվիր:
3. Նիկոլ ջան, դու ո՞նց կարող ես Ծառուկյանի հետ հանդիպել, համագործակցել, եթե ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք ես առել Ծառուկյանի հետ համագործակցելու համար, մյուս հայտարարություններդ էլ չասեմ: Անլուրջ է, ԱԺ-ում դու էիր միշտ թարմացնում սրա-նրա հիշողությունը, քո հիշողությանն ի՞նչ եղավ:
4. Նիկոլ ջան, տատս ասում էր՝ եթե ուզում ես մարդուն ճանաչել, նրան իշխանություն տուր, ինձ թվում է՝ ես քեզ ճանաչել եմ, դրա համար եմ միշտ աջակցել, խնդրում եմ չհիասթափեցնես ինձ: Երեկվա ասուլիսում ես այլ Նիկոլ տեսա, ցավում եմ, կուզենայի տեսնել պայքարի առաջին օրերի Նիկոլին՝ ժողովրդի աջակցությունը հայցող, ոչ թե ինքնավստահ, ցինիկ, մեծամիտ, պաշտոնամոլ, անկուշտ:
5. Ի՞նչ է քո նպատակը՝ իշխանությունը միանգամից ու ամբողջությամբ վերցնե՞լը։ Այդպես չի լինում, Նիկոլ ջան, համը դուրս է գալիս, նստեք, նորմալ խոսեք, մանկական կապրիզները թողեք մի կողմ, ժամանակավոր իշխանություն ձևավորեք, մինչև նոր ընտրություններ կլինեն: Մենք այնքան ուժեղ երկիր չենք, որ մի ամիս դիմանանք նման անկայուն վիճակին:
6. Նիկոլ ջան, հիշիր, քո իշխանափոխության մեջ մեծ դեր է ունեցել մեդիան, եթե այդքան չլուսաբանեին, պրոպագանդա չանեին, հաջողության չէիր հասնի, 2008-ը՝ քեզ օրինակ, երբ մեդիադաշտը փակ էր: Հուսով եմ՝ լինելով լրագրող, հաշվի կառնես այս հանգամանքը և, ի տարբերություն ՀՀԿ-ական իշխանությունների, լրագրողներին չես վիրավորի, չես ասի, որ քեզ խանգարում են, տոնդ փչացնում են, գաղջ մթնոլորտ են ստեղծում։ Ընտրովի ասուլիսներ չես հրավիրի, հանդուրժող, լսող կլինես քննադատություններին, ոչ թե լռեցնող, ագրեսիվ:
7. Նիկոլ ջան, խոստումներ տալիս զգույշ եղիր, մենք եկել ենք՝ հաստատելու օրինական երկիր, ինչպե՞ս ես հայտարարում, թե «ծռերին», բոլոր-բոլորին ազատելու ես, ախր, նրանք հանցանք են կատարել, փաստը կա, ապացույցները կան, այլ հարց է, որ նրանց խիստ պատժի էր ենթարկում իշխանությունը: Դու եկել ես առաջնորդվելու օրենքներով, ստեղծելու իրավական պետություն, ոչ թե ախպերավարի հարցերը լուծելու։ Այդ դեպքում գուցե օրենքները վերացնենք, ուժային կառույցները փակենք, ով քո ընկերն է, համակիրն է, ինչ ուզում է, թող անի և ներվի: Մտածե՞լ ես՝ ինչ տարբերություն կլինի քո և ՀՀԿ-ականների իշխանության միջև, նրանք ևս յուրայինների հանցագործությունների վրա աչք են փակել: Ես ինքս էլ մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավման օրերի ակցիաներին, բայց շատ լավ հասկանում եմ, որ նրանց և լիքը հանցագործություններ գործած մարդկանց Սերժ Սարգսյանին հայհոյելու համար ազատ արձակելով՝ քաոսի կվերածվի մեր երկիրը:
Թավշյա հեղափոխությանը մասնակից, այժմ խիստ մտահոգ ՀՀ քաղաքացի»: