Զարմանալի հանդիպում, կամ ինչպես հայ ամուսինները համուհոտ տվեցին ամերիկյան քաղաքին

Ամերիկայի Ֆինիքս քաղաքի (ԱՄՆ-ի հարավարևելյան հատված, Արիզոնա նահանգի մայրաքաղաք) «Mom-and-Pop» ոճով ռեստորանը, որի սեփականատերերը հայ ամուսիններ են, հայտնվել է Արիզոնայի Phoenixnewtimes թերթի ուշադրության կենտրոնում։

Էմի Յանգը Վելֆի և Ավրիանա Յուհանաների մասին պատմել է «Ամեն ինչ ընտանիքից է գալիս. «Mom-and-Pop» ռեստորանները Ֆինիքսին հատուկ համուհոտ են տալիս» վերնագրով հոդվածում։

«23 տարի առաջ Վելֆի Յուհանան և նրա կինը` Ավրիանան, Central Avenue-ում գնեցին Best of Philly ռեստորանը։ Սեփական գործ ունենալու ցանկությամբ տոգորված զույգը հիմնեց «Mom-and-Pop» ոճի ռեստորանը», — գրում է նա։

Վելֆի Յուհանա

Հոդվածագրի խոսքով` Վելֆիի և Ավրիանայի պատմությունը ռոմանտիկ սցենարի է նման։

«Երկուսն էլ հայ են, որոնց նախնիները պատմական հողը լքել են Հայոց ցեղասպանության ժամանակ և հաստատվել ժամանակակից Իրաքի հյուսիսում։ Նրանց նախնիներն իրար մոտ են ապրել (Վելֆին չի նշում` կոնկրետ որտեղ, նույնիսկ տասնամյակներ անց դժվարությամբ է խոսում այդ մասին)։ Կյանքն իր հունով ընթացել է, և շուտով նրանք հայտնվել են բացարձակ տարբեր երկրներում. 1980 թվականին Վելֆին տեղափոխվել է Բոստոն, իսկ Ավրիանան նախքան Նահանգներում հաստատվելը Գերմանիայում է ապրել։ Նրանք մնացել են միայն միմյանց մանկական հուշերում», — պարզաբանում է նա։

Ավելի ուշ, Էմիի խոսքով, Ավրիանան Լոս Անջելես է մեկնել, որտեղ սկսել է աշխատել K-Mart խանութում։ Եվ մի օր աշխատանքի ժամանակ նա տեսել է մի կնոջ, որը ծանոթ է թվացել. Պարզվել է, որ կինը նրա մանկության հարևանուհիներից մեկն է։

«Ավրիանան կանչել է նրան և բացատրել, թե ինքն ով է։ Պարզվել է` Լոս Անջելեսում նրանք նույն փողոցի տարբեր ծայրերում են ապրում։ Պարզվել է նաև, որ խանութի հաճախորդը Վելֆի Յուհանի քույրն է։ Նա պատահական հանդիպման մասին պատմել է եղբորը, որն էլ տեսնելով Ավրիանային` սիրահարվել է, և այդ օրից չեն բաժանվում. այժմ նրանք դուստր ունեն։ Ամուսինները հպարտանում են իրենց ռեստորանով, որի այցելուներին շաբաթական վեց օր պանրով համեղ սենդվիչ և սթեյք են առաջարկում», — նշվում է հոդվածում։

Զույգը Ֆինիքս է տեղափոխվել 1992 թվականին։ Արիզոնայում ապրել է Ավրիանայի եղբայրը, որը նրանց պատմել է, թե ինչպես կարելի է սեփական գործ սկսել այնտեղ։ Երեք տարի անց նրանք գնել են Best of Philly-ը և սիրահարվել cheesesteak մշակույթին (սենդվիչ, որը պատրաստում են բիֆշտեքսի բարակ կտրատած կտորներով և հալած պանրով)։

«Այստեղ փորձում եմ երջանիկ դարձնել յուրաքանչյուրին», — Յուհանի խոսքերն է մեջբերում հոդվածի հեղինակը։

Նա նշել է, որ 23 տարվա ընթացքում շատ դժվարություններ և խոչընդոտներ են հաղթահարել իրենց ճանապարհին… Այդ ընթացքում ամուսինները տեսել են, թե ինչպես են տարբեր ընկերություններ բացվում ու փակվում։

«Մեր հաճախորդներից ոմանց 8-9 տարեկանից ենք սպասարկում, իսկ այսօր նրանք արդեն երեխաներ ունեն, — ասել է 60 տարեկան Վելֆին ու ավելացրել,- չզարմանաք, եթե 75 տարեկանում էլ ես այստեղ շեֆ խոհարար լինեմ»։

«Գուցե կարիք լինի, որ ինչ-որ մեկն ինձ բռնի, բայց ես երջանիկ կլինեմ պատրաստել», — ասել է Վելֆին լրագրողին։

Հոդվածագրի խոսքով` նա չի կատակում։

«Դժվար է նրան որևէ այլ տեղ տեսնել, նա միշտ պատրաստում է (եթե իհարկե կիրակի չէ), իսկ Ավրիանան էլ անընդհատ պատվերներ է ընդունում։ Միմյանց հասկանալու համար նրանց մի հայացք է պետք», — պարզաբանում է հոդվածի հեղինակը։

Էմի Յանգն ընդգծում է` նրանք գիտեն, թե ինչի համար է այցելել այս կամ այն հաճախորդը, նրանք ամեն ինչ հիանալի հիշում են։

«Եվ հենց դա է Best of Philly առանձնահատուկ դարձնում։ Սեփական գործին նվիրվածությունը ծերության և մաքրության նկատմամբ ունեցած սիրո հետ մեկտեղ թույլ է տալիս այցելուներին վայելել սնունդը», — գրում է նա։

Հոդվածի հեղինակը վերջում կրկին մեջբերում է Վելֆիի խոսքերը. «Սրանով զբաղվելու դեպքում դուք կարող եք ունենալ ամեն ինչ, բացի ազատ ժամանակից» ։

Հայը խոստովանում է, որ հաճույքով է անում իր աշխատանքը, քանի որ հոգի է դնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am