Առաջին անգամ Հայաստանում՝ ՎԵԲ-ՍԵՐԻԱԼ. Էքսկլյուզիվ հարցազրույց պրոդյուսերի հետ.՛՛Վեբ սերիալն այսօր ամենաթարմ ու պահանջված տրենդն է՛՛
Մեր հյուրն է պրոդյուսեր և սցենարիստ՝ Արփի Վանյանը
Արփի, մեզ հայտնի դարձավ, որ Դուք նախաձեռնել եք Հայաստանում առաջին Վեբ-սերիալի նկարահանումները: Քանի որ առաջինն է, ուստի մի քիչ էլ անհասկանալի է. Կարո՞ղ եք պարզաբանել՝ ի՞նչ է դա և ինչով է այն տարբերվելու հեռուստաեթերի սերիալներից:
-Վեբ սերիալը , դա սերիալի մի տեսակ է, որը ստեղծվում է համացանցի միջոցով ցուցադրելու համար, թեկուզ չի բացառվում, որ այն հետագայում կարող է եթեր հեռարձակվել նաև հեռուստատեսությունով: Այս ժանրը վերջին ժամանակներում մեծ թափ է հավաքել և պատճառն այն է, որ օր օրի աճում է համացանցից օգտվողների բանակը: Մարդիկ, մեծ մասամբ երեխաներն ու երիտասարդները, իրենց հետաքրքրող ողջ տեղեկատվությունը ստանում են համացանցից, ինչպես նաև հենց համացանցում տեղադրված ֆիլմերն ու սերիալներն են դիտում: Միայն այն, որ յութուբյան բլոգերները միլիոնավոր հետևողներ ունեն, արդեն հերիք է հասկանալու, որ ապագան համացանցինն է, ուստի նաև վեբ-սերիալներինը: