«Հայաստանի լրատվական դաշտից դուրս եկող նեգատիվը սփյուռքահայ երիտասարդներին վանում է Հայաստանից». Արտակ Մարտիրոսյան (ձայնագրություն)

«Սփյուռքում գործող միությունները չեն գոհացնում երիտասարդներին ու չեն կատարում իրենց առջև դրված բուն նպատակը». այս միտքը կարմիր թելով ու տարբեր ձևակերպումներով հնչեց  վերջերս Հանրային ռադիոյով  հեռարձակվող քննարկումներից մեկի  ժամանակ:

ԱՄՆ-ի, Մոսկվայի և Լիբանանի հայ համայնքները ներկայացնող 3 երիտասարդներ ուղիղ կապի միջոցով քննարկում էին  սփյուռքահայ երիտասարդության  խնդիրները, ակնկալիքներն ու նպատակները:

Հատկանշական է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ, խոսելով սեփական համայնքների մասին,  չհերքեցին, որ այնտեղ խնդիրներն իսկապես շատ են: Երեք համայնքների ներկայացուցիչների խոսքից էլ պարզ դարձավ, որ նրանք դժգոհ են այնտեղ գործող միություններից: Անգամ նշվեց, թե միություններն անուղղակիորեն նպաստում են սփյուռքահայ երիտասրդության պառակտմանը:

Մոսկվայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչ Էդմոն Բաղդասարյանն օրինակ՝ ընդգծեց դրսում երիտասարդների հետ աշխատանք տանելու անհրաժեշտությունն, ինչի փոխարեն, ցավոք, երիտասարդներն ընկնում են իշխանությունների կողմից տարվող  ուժեղ պրոպագանդայի տակ :

Նրա խոսքով Մոսկվայում զարգացած չէ նաև այն պրակտիկան, որ այլ պետությունների ներկայացուցիչներ ևս կարողանան ունենալ քաղաքական ներկայացուցչություն, կան որոշ մշակութային միություններ, որոնք էլ մասնակի են կատարում իրենց առջև դրված խնդիրները:

Այն որ երիտասարդների հետաքրքրությունները դրսում կամաց-կամաց  փորձում են շեղել հայկականից, փաստեցին նաև մյուս երկու բանախոսները:

Հատկապես շոշափելի խնդիրներ մատնանշեց Լոս Անջելեսի «Գրանդ Փարթի» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր-նախագահ՝ Արտակ Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ միությունների կողմից խիստ հազվադեպ կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն ոչ թե երիտասարդներին ներգրավելու հայ համայնքի գործունեությանն, այլ հակառակը՝ կարծես պառակտելու:  Նրա խոսքով՝ եթե օրինակ դրսում երիատասրդները որոշեն իրականացնել  որևէ մշակութային նախաձեռնություն ու մասնակցելու համար դիմեն մեկ այլ միություն, այնտեղից հաստատ կլսեն՝ «Ճիշտն ասած մենք մասնակցում ենք միայն մեր կազմակերպած նախագծերին, կներենք, մասնակցել չենք կարող»:

«Ներկա եմ եղել մի քանի միջոցառումների ու տեսել եմ, որ որպես կանոն երիտասարդները նման միություններում չեն ընդգրկվում: Հիմնականում 60-անց մարդիկ են. հետաքրքիր է՝ միություններն այդկերպ ինչքան կյանք են ունենալու»,-մտահոգություն հայտնեց Արտակն ու ընդգծեց նաև, որ Ամերիկայում հայերի պառակտմանը նպաստում է նաև պարսկահայ, լիբանանահայ, հայաստանցի տարանջատումները:

Բանախոսը նկատեց նաև, որ Հայատսանի լրատվական դաշտից դուրս եկող նեգատիվը մեծապես  ազդում է երիտասարդության վրա, ինչի հետևանքով նրանք  չեն ուզում հայրենիք վերդառանալ ու հույս կապել Հայաստանի հետ.

«Եթե երիտասարդը դրսում արդեն հասել է ինչ-որ բանի ու հիմա մտածում է իր սեփական տունը գնելու, ընտանիք կազմելու և այլնի մասին, սկսում է  իր ապագան տեսնել Ամերիկայում, Եվրոպայում, Կանադայում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանից դուրս եկող բացասական  ինֆորմացիայի արտահոսքն է պատճառը, որ Հայաստանը սկսում է վանել հայ երիտասարդներին»:

Իրազեկվածության ցածր մակարդակն ու միակողմանի տեղեկատվությունն, ինչպես երևում է, պատճառ է դարձել նաև նրա, որ ամերիկահայ երիտասարդները գիտեն, թե ՀՀ-ում որ նախարարն ինչ մեքենա է վարում, ում հետ է կամ անձնական այլ մանրմաասներ, բայց չգիտեն, որ հայակական բանակի տոնը ոչ թե փետրվարի 23-ին է, այլ հունվարի 28-ին:

Վերջում հավելենք, որ զրույցը երեք համայնքների ներկայացուցիչների միջև ընթացավ բավական հանդարտ և մեկը մյուսին լսելով. Երիտասարդները լուծման տարբերակների հարցում ևս միակարծիք էին: Նրանք դրսում ապրող հայ երիտասարդներին դեպի հայկականը բերելու ճանապարհը տեսնում են «լեզուն ու հավատը պահելու», այնտեղ գործող միությունների ու կազմակերպությունների  արդյունավետ համագործակցություններն իրականացնելու ճանապարհով:

«Համասփյուռք»-ի 6-րդ թողարկումը այստեղ:

Arenanews.am