Հայոց Մեծ Եղեռնի չորրորդ սերնդի պահանջը.

 Այսօր այս գիրս հայերեն է. դա  նշանակում է, որ Օսմանյան կայսրության պետական քաղաքական ծրագիրը` մեզ բնաջնջելու, մի ամբողջ ազգ վերացնելու, փաստացիորեն ձախողվել է:

Ես Եղեռնի չորրորդ սերունդն եմ, բայց դարավոր տառապանքն ու որոնումները, ցավն ու ողբերգությունը չի դադարել և չի դադարի, քանի դեռ լուծում չի ստացել Հայ դատը:

Ոճրագործությունը չի կատարվել ինչոր չար ուժերի ձեռքով, ինչոր մի տարածքում, ինչոր հեռավոր և խավար ժամանակներում: Հստակ կանխամտածված և շարունակվող քաղաքականության զոհ են դարձել մեր պապերն ու տատերը, մեր հարազատները։ Յուրաքանչյուր հայ ընտանիք ուղղակի կամ անուղղակի առնչվել է Ցեղասպանությանը, և այսօր ինչքան էլ աշխարհը փորձի «մոլորվել»  շահադիտական կեռուղիներում, այդ ամենը դժբախտաբար եղել է։ Հայությունը կորցրել է շուրջ երկու միլիոն մարդ, իսկ մնացած մասը հարկադրված է եղել գաղթել հայրենիքից, հաստատվել տարբեր երկրներում՝ դրանով իսկ սկիզբ դնելով հայկական Սփյուռքին։

Հայոց ցեղասպանության խնդրով և ընդհանրապես հայկական հարցով վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախ են զբաղվում միջազգային կազմակերպություններ: Այլ խոսքով՝ հայերի ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն: Եղեռնը դատապարտող բանաձև են ընդունել մի շարք երկրներ: Եվ դրանց թիվը աստիճանաբար ավելանում է:

Այժմ Թուրքիայում լույս տեսած գրքերի, գրությունների հեղինակները, ելնելով բացառապես Թուրքիայի քաղաքական շահերից, հետապնդում են մի հիմնական նպատակ, այն է՝ ապացուցել, որ թուրքերի համար հայկական հարց գոյություն չի ունեցել և այժմ էլ չունի, որ պատմության մեջ թուրքերի ձեռքով հայերի զանգվածային կոտորած չի եղել: Բայց, ինչ խոսք, տասնամյակների ուրացումից  հետո էլ, թեկուզ դեռ հազվագյուտ թուրք մտավորականներից  լսելի են զուսպ բողոքի մրմունջներ ու խոստովանանք:

Արդի Թուրքիայի կառավարողները և թուրք ներկա սերունդը, որոնք մեղք չունեն 1915 թվականի ազգասպան ոճիրի մեջ, պետք է ոչ թե ջանան թաքցնել իրենց բարբարոս նախորդների արյունոտ թաթը, այլ  ի վերջո պետք է ճանաչի հայկական ցեղասպանության փաստը, եթե ուզում է դասվել քաղաքակիրթ պետությունների շարքը:

Մարդկային արդարությունը վերջ ի վերջո չի կարող չհատուցել մարդկային  ընտանիքի անդամներից մեկի՝ հայ ժողովրդի անչափելի կորուստները: Հայ ժողովուրդը հավատում է և սպասում է այդ օրվան: Անհրաժեշտ  է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին ստեղծվեց մի նոր կարգախոս՝ «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշ ընդունվեց` Անմոռուկ ծաղիկը:

Խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Ընտրված գույները, նույնպես խորրդանշական են. անցյալի, ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն,  իսկ  5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ, իսկ ծաղկի ներսում 12 կոտորված նահանգները:

Ես կոչ եմ անում ողջ մարդկությանը. « Այո մեր վերքը խորն է , այո մենք չենք մոռացել և չեն մոռանա նաև մեր երեխաները: Աշխարհ սա  ուղղակի 1.5 միլիոն հայի բնաջնջում չի, կազմակերպվել է  մարդուն իր հողից և արմատից զրկելու ու վերացնելու քաղաքականություն, և եթե այսօր դուք լռեք և չընդունեք այն, հաջորդը կարող է լինել ձեզանից յուրաքանչյուրը, եթե թշնամին անգամ փոխվի, խաղի կանոնները նույնն  են մնալու»:

Ես հիշում և պահանջում եմ քեզանից` Աշխարհ և համայն  մարդկություն, ճանաչում, հատուցում և պատմական արդարության վերականգնում:

Լիլիթ Ղարիբյան