ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Օրվա կադր: Հենց նման վերտառությամբ այս լուսանկարը գրավեց ոչ միայն համացանցը, այլեւ լույսի նման տարածվեց ու տարածվեց… Եվ ոչ միայն Հայաստանով մեկ…

Քարվաճառի  հրետանավորներն են՝ Գնունի Համբարձումյանը եւ Ռոբերտ Մարգարյանը: Որոշում են՝ ով պետք է ծաղիկները նվիրի դիրք այցելած լրագրողուհուն:

Ապրիլյան ծանր օրերին առաջնագծից հրապարակված ցանկացած լուսանկար, անկախ որակից, հայտնվում էր ժողովրդի ուշադրության կենտրոնում: Սակայն այս մեկն ունեցավ աննախադեպ հաջողություն: Մտածում եմ՝ ինչո՞ւ: Պատերազմը՝ պատերազմ, հերոսությունը՝ հերոսություն, սակայն մարդ արարածն իր հոգու խորքում, այնուամենայնիվ,  խաղաղության հույս ունի եւ խաղաղության մասին է երազում… Ծաղիկներով հայ զինվորների լուսանկարը հենց խաղաղության, կյանքի հաղթանակի նախանշանն է…

ԵՎ «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառումները ուղղակի եւ անուղղակի իմաստով հաստատում են իմ ենթադրությունը, միայն թե փոքր-ինչ այլ ձեւակերպումներով.

-Այնպիսի տպավորություն է, թե այս երկու տղաները իրենց ընկերուհիների հետ հանդիպման են շտապում ու համեմատում են՝ ում ծաղկեփունջն է ավելի գեղեցիկ… Բայց նրանք սահմանին են, բայց նրանք պատերազմի գրկում են:

-Կռվելու, ապրելու եւ սիրելու մասին է լուսանկարը:

-Լա՞վն եք, էլի, բարի, քաջ, հո՛ զոռով չի…

-Ծաղիկ եւ պատերազմ:

-Պատերազմ եւ խաղաղություն…

 

Լուսանկարը՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

www.hayzinvor.am