Վերջին օրերի ընթացքում համացանցում և տարբեր սոցկայքերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երգիչ, իսկ վերջերս էլ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած Արմենչիկը ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Այդ տեսանյութում ուշագրավ է հատկապես այն, որ զինվորները շարք կանգնած՝ հերթով գալիս ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը։ Իսկ երգիչ Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում է տեսախցիկին՝ արդյո՞ք ֆիքսվում է ամենը։ Տեսանյութը հանրության կողմից խիստ քննադատության է արժանացել. Ինչու պետք է ինչ-որ երգիչ նսեմացնի զինվորին՝ իր գովազդի համար։
Թե կոնկրետ երբ և որ զորամասում է դա տեղի ունեցել, Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղյակ չէ: Վերջինս «Ա1+»- ի հետ զրույցում այս կապակցությամբ շեշտեց, որ իր համար տհաճ էր տեսնել նման տեսանյութ, սակայն մանրամասնել, թե երբ և ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, ինքը հստակ ասել չի կարող:
«Ես գաղափար չունեմ, թե դա երբ է եղել ու որտեղ: Միգուցե Ղարաբաղում է եղել ինչ-որ մի տեղ, որի մասին ես այս պահին ինֆորմացիա չունեմ»:
Հարցին, թե ղեկավարությունը կամ այդ զորամասի հրամանատարական անձնակազմը տեղյակ եղե՞լ է դրանից և ինչու է թույլ տվել նման մոտեցում զինվորների նկատմամբ, պարոն Հովհաննիսյանն ի պատասխան կրկնեց, որ ինքը տեղյակ չէ, սակայն հնարավոր է, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություն սկսվի:
https://www.youtube.com/watch?v=vqsfVOOoQDc
www.1tvblog.blogspot.am