Շուշիի ազատագրման օրը կարող է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առիթ դառնալ

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան  նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:

Նախապատրաստություններ 

Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:

Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(…) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:

Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է  ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար (տես նաեւ էջ 4):

Դերերի կտրուկ փոփոխություն 

Առաջիկայում նոր լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության օգտին է խոսում նաեւ այն, որ ադրբեջանական կողմը առաջնագծին հարող բոլոր բնակավայրերից տարհանել է  քաղաքացիական անձանց: Թեեւ Ադրբեջանը սա բացատրում է հայկական կողմի գործողություններով: Նախորդ շաբաթ ԼՂՀ ՊՆ-ն այս ընթացքում առաջին անգամ հայտարարեց պատժիչ գործողությունների իրականացման մասին: Պարզվեց, որ պատժիչ գործողություններ ասելով՝ նկատի է առնվում թիրախային հարվածները թշնամու շարժական ռազմական օբյեկտներին, որոնք բերել, տեղակայել էին առաջնագծին հարող բնակավայրերի մեջ: Հայկական կողմի պատժիչ գործողություններից Ադրբեջանում լուրջ իրարանցում էր առաջացել: Հաջորդ օրը արտաքին գործերի նախարար Մամեդյարովը բոլոր միջազգային կազմակերպություններին նամակներ գրեց, խնդրելով Հայաստանին հստակ պահանջ ներկայացնել՝ հարգել ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը: Պարզվեց՝ Ալիեւը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, իսկ Սերժ Սարգսյանը տապալում է բանակցությունները: Ադրբեջանի արտգործնախարարը, որ վերջին անգամ Մյունխենում նույնիսկ հարկ չհամարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ առանձին հանդիպել, հայտարարեց, որ մայիսին պլանավորում է հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք մշտապես խոսում են կարգավորման ինչ-որ տարբերակների մասին, բանակցային գործընթացը վերականգնելու մասին, այնինչ արդեն մի քանի տարի է, պատրաստվում էին վերջին սերնդի զենքերով համալրված իրենց բանակով ռազմական մեկ զարկով վերջ դնել ղարաբաղյան հակամարտությանը եւ բարձրաձայն խոսում էին դրա մասին: Հայկական մամուլն ու փորձագիտական շրջանակները շտապեցին արձանագրել, որ Ադրբեջանը խաղաղություն է մուրում, եւ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է է՛լ ավելի հեռուն գնան պատժիչ գործողությունների մեջ:

Դաշնակցի հնազանդն է լավ 

Եվ այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության պատմության տրամաբանությունը հուշում է, որ այստեղ ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն կապված են լինում մի շարք աշխարհաքաղաքական իրողությունների, եւ առավելեւս՝ գերտերությունների տրամադրությունների հետ: Թեեւ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը, թվում է՝ կազմ-պատրաստ են եւ ամեն պահի կարող են քայլ անել, կարծում ենք, որոշում կայացնելու հարցում կարեւոր են լինելու միջազգային հարթակներից եւ  դաշնակից պետություններից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից ստացվող ազդակները: Իսկ Ռուսաստանը, ըստ բոլոր նշանների, առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես է ցանկանում հանգուցալուծել ապրիլին սկսված ղարաբաղյան պատերազմը, կամ ցանկանո՞ւմ է ընդհանրապես հանգուցալուծել, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ նախապես մշակված ծրագրերը չիրականացան, եւ հիմա Կրեմլում նոր մոտեցում պետք է ձեւավորեն կոնֆլիկտի վերաբերյալ, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ուշանում է: Ստեղծված իրավիճակում դրությունից ելք կարող էր լինել Հայաստանում ներքին ապակայունացումը՝ ավելի կառավարելի եւ հնազանդ դաշնակցի դիրքերից հանդես եկող գերագույն գլխավոր հրամանատար «ձեռք բերելու» ակնկալիքով: Զինադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունից անմիջապես հետո այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, սկսեցին տարվել եւ հեռավոր փորձեր մինչեւ այսօր էլ արվում են (խոսքը թե՛ Հայաստանում ժողովրդի տրամադրությունների ուղղությունները փոխելու, եւ թե քաղաքական ուժերի հետ տարվող աշխատանքների մասին է), սակայն նշաններ, որ դրանք կարող են հաջողությամբ ավարտվել, առայժմ չկան: Իսկ հիմա կա այն, ինչ որ կա, եւ երկրորդ անգամ իմաստ չունի Ադրբեջանին «դուխ»  տալ ու պատերազմական գործողություններ սկսել՝ ակնկալելով, որ դրա արդյունքում ինչ-ինչ հարցեր կլուծվեն: Հայաստանի կողմից այսպիսի գործողությունների «խրախուսում» կհամարվեր Հայաստանին տրամադրվող վարկի շրջանակներում Հայաստանին մատակարարվելիք սպառազինությունը արագ տեղ հասցնելը: Մի բան, որ կարծես թե տեղի չի ունենում, կամ տեղի է ունենում, բայց ոչ արագ եւ ոչ միանգամից: Այս իրավիճակում անհասկանալի է, թե որ կողմը եւ ինչպես պետք է առաջին քայլը կատարի, սակայն օդում նոր պատերազմի շունչը, միեւնույն է, զգացվում է:

Փոքրիկ ակնարկ ՆԱՏՕին

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիսի ժամանակ շատ տարօրինակ հայտարարություն արեց՝ խոսելով ՀԱՊԿ-ի մասին: Լրագրողի հարցին, թե արդյոք ներկա փուլում ընդունելի՞ է ՀԱՊԿ-ի չեզոք դիրքը Հայաստանի նկատմամբ, նա պատասխանեց «եթե անգամ ՀԱՊԿ-ում չլինենք, այլընտրանքային միության միանալու առաջարկ Հայաստանին դեռ չի արվել»: ՀԱՊԿ-ի այլընտրանքային միությունը ՆԱՏՕ-ն է: Եվ ում ու ինչ է ուզում սրանով ասել Հայաստանում իշխող կուսակցության փոխնախագահը: Գուցե փորձ է արվում այսկերպ ռուսական զենքի մատակարարումը արագացնել: Ապրիլի 29-ին Ադրբեջանը հետ է կանչել ՌԴ երկու քաղաքներից՝ Սանկտ Պետերբուրգից եւ Եկատերինբուրգից, իր հյուպատոսներին: Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը, փորձելով հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր ռազմավարական դաշնակցային եւ գործընկերական հարաբերություններում, երկուսի հետ հավասարապես փչացրել է հարաբերությունները: Եվ հիմա պետք է ամեն դեպքում ընտրություն կատարի, որովհետեւ պատերազմող երկու երկրներին հավասար բարեկամ լինել հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում, երբ այդ երկուսը կախման մեջ են գտնվում քեզանից: Կարծում ենք, վտանգավոր անորոշությունը, որի մասին իրենց կոչի մեջ խոսում են կամավորական ջոկատների հրամանատարները, ավելի շատ կապված է Ռուսաստանի չկողմնորոշված վիճակի հետ, քան դավադիր թշնամու ծրագրերի:

Հայաստանն, իհարկե, առանց ռուսական զենքի ամբողջ խմբաքանակին սպասելու էլ կարող է ռազմի դաշտում առաջին քայլը կատարել, այդ ընթացքում հենվելով բարեկամ այլ երկրների աջակցության վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ գործողությունների վերահսկողությունից դուրս գալու պարագայում ՌԴ-ն, միեւնույն է, պայմանագրային պարտավորություններ ունի ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին:  Սակայն ուր էր, թե ամեն ինչ այնդքան միանշանակ ու հեշտ լիներ:

www.armtimes.com