Հայաստանի Փաստաբանների պալատում վերջին օրերին լուրջ զարգացումներ էին սկսվել։ ՓՊ խորհուրդը խիստ նկատողություն էր հայտնել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Տիգրան Խուրշուդյանին մայիսի 27-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, փաստաբան Խուրշուդյանը վեճի ժամանակ պլաստմասե շիշ էր նետել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ, իսկ Երվանդ Վարոսյանն էլ պաշտպանել էր գործընկերուհուն, եւ վեճը հասել էր քաշքշուկի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ էր հարուցել եւ արդյունքում փաստաբանները խիստ նկատողություն ստացան: Փաստաբան Երվանդ Վարոսյանը պատրաստվում է բողոքարկել ՓՊ խորհրդի որոշումը: Հատկանշական է, որ Փաստաբանական պալատի խորհրդում քննարկման ժամանակ շշի դրվագը «կորել» է։
Վարույթի հարուցման այս համատեքստում ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս։
Այսպես, լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջում բացահայտումներ է արել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ ՓՊ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի գործունեությունից։ Ըստ Ֆահրադյանի, Երվանդ Վարոսյանի դեմ հիշյալ գործը բառի բուն իմաստով սարքված է, եւ ավելին կարգապահական վարույթ հարուցելը պատվեր է, որը կատարվել է ՀՀ փաստաբանների պալատի ղեկավար անձանց, եւ նրանց ենթականերից մի քանիսի ձեռամբ:
«Ինչպես հայտնի է մեկ այլ հրապարակման հետ կապված եւս Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Ցավոք, այդ ամենում ակամայից ես եւս ունեմ մեղքի բաժինը: Երվանդ Վարոսյանի ու Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է փաստաբանների պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո, եւ նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում, որից հետո Արա Զոհրաբյանի հրահանգով կարգապահական վարույթ է հարուցվել Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Այլ կերպ ասած, իմ «ընկերն» օգտագործել է իմ վստահությունը եւ իր ղեկավարի հետ այդ փաստն օգտագործել փաստաբանների դեմ»,- նշել է Ֆահրադյանը:
Նա ներողություն է խնդրել Լուսինե Սահակյանից եւ Երվանդ Վարոսյանից՝ կատարվածի համար: «Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի, եւ Հայկ Հակոբյանի գործողություններին, ապա վստահ եմ, որ մի քանի լրագրողներ եւս տուժել են: Իմ պարտքը համարեցի տեղեկացնել կատարվածի մասին: Ընդ որում, ունեմ նաեւ տեղեկություններ առ այն, որ փաստաբանների պալատի ղեկավարության նման գործելաոճից տուժել են նաեւ այլ փաստաբաններ, մասնավորապես` Նիկոլայ Բաղդասարյանը»,- գրել է լրագրողը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, թե «օրվա ընթացքում համապատասխան հայտարարություն կանեն»։
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր հերթին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Փայլակ Ֆահրադյանի խոսքերի իսկությունը։ «Ես տեղյակ եմ այդ պատմությունից, հաստատում եմ, որ առկա են ապացույցներ եւ, ցավոք սրտի, դա իրականություն է։ Ապացույցները հաստատում են, որ ՓՊ խոսնակ Հայկ Հակոբյանը պատրաստի հոդված է ուղարկել լրագրող Փայլակ Ֆահրադյանին, եւ նա դա արել է ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի «պատվերով»»,- արձանագրեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Ավելին, վերջինս նաեւ նշեց, թե ՀՀ ՓՊ խորհրդի նիստում էլ, երբ քննարկվել է Երվանդ Վարոսյանի դեմ կարգապահական վարույթը, որեւէ իրավական գործընթաց տեղի չի ունեցել։ «Նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Կարեն Մեժլումյանի բացարկի հարցը, վերջինս ընդունեց, որ վեճը հրահրվել էր Տիգրան Խուրշուդյանի կողմից, այսինքն` Երվանդ Վարոսյանը կատարել է այն, ինչ կկատարեր ցանկացած տղամարդ իր փոխարեն։ Կարեն Մեժլումյանը ներկայացրել էր որոշ փաստեր մամուլում, որոնք ոչ ամբողջական են։ Մենք՝ Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչներս ամեն ինչ արել ենք, որ խնդիրը կարգավորվի փաստաբանների ներսում, սակայն, երբ ասացի, որ «ամոթ է»՝ նկատի ունենալով, որ այս հարցի քննարկմանն ամոթ է հասարակությանը ներգրավենք, Կարեն Մեժլումյանը, վիրավորելով ինձ, վեճ է հրահրում իմ հետ։ Մասնավորապես, ամոթանքին պատասխանել է. «Ամոթը քեզ է, այ գիժ» եւ դա արել է բազմաթիվ անձանց ներկայությամբ»,- նկատեց փաստաբանը։
Բաղդասարյանը նաեւ պատմեց, որ ՓՊ-ում կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ հանկարծ պարզվել է, որ հեռարձակվում է ոչ թե ուղիղ եթերը, այլ նախորդ նիստի կրկնությունը։ «Փաստաբաններ կային, որոնք հետաքրքրված էին եւ ցանկանում էին դիտել։ ՀՀ ՓՊ նիստի քարտուղարը՝ Իռան ի պատասխան իմ դիտողության ասել է, թե նպատակահարմար չեն համարել հեռարձակել ուղիղը եթերը, սակայն հետագայում սկսեցին պնդել, որ տեխնիկական թերություն է։ «Ակնհայտ անօրինականություն է, երբ Պալատի նախագահը կամ այլ անձը նման որոշում է կայացնում։ Ես հարցը բարձրացրեցի խորհրդում, որից հետո միայն սկսեց ուղիղ հեռարձակումը»,- նշեց Բաղդասարյանը։
Վերջինս կարծում է, թե իր դեմ էլ ցանկանում են վեճ հրահրել նույն սցենարով, ինչ Երվանդ Վարոսյանի նկատմամբ, որպեսզի իր դեմ էլ վարույթ հարուցեն. «Ինձ մոտ տպավորություն է, որ որոշումը պատրաստ էր, ուղղակի Կարենը ուզում էր վեճ հրահրեր, իսկ հետո ըստ սցենարի, մոռանում են Կարենի ասած բառերը եւ հիշում են միայն իմ կողմից հետագա գործողությունները, սակայն ես կարողացա ինձ մի կերպ զսպեմ, եւ վեճը տեղի չունեցավ»։
Փաստաբանը նաեւ նշեց, որ իր դեմ էլ ժամանակին կեղծ հոդված են պատվիրել, ընդ որում, ՓՊ մամուլի քարտուղարը Բաղդասարյանին ասել է, թե այդ փաստերը Արա Զոհրաբյանն էր իրեն ասել, իսկ Արա Զոհրաբյանը Բաղդասարյանին ասել է, թե Հայկն է արել, ինքը տեղյակ չէ։ «Բոլորը գիտեն Պալատում այդ մասին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իր՝ Փաստաբանական դպրոցի տնօրեն եղած ժամանակ Արա Զոհրաբյանի պատվերով իր դեմ կեղծ բողոքներ են գրվել, այդ փաստը դպրոցի աշխատակցի ներկայությամբ հաստատեց այն ժամանակ ունկնդիրներից մեկը, որը ներկայացրեց մի բողոք, որը այդպես էլ չհանձնվեց պալատի նախագահին:
Բաղդասարյանը նաեւ պատմեց, որ ՓՊ նախագահը աուդիտ է անցկացրել դպրոցում, սակայն ոչինչ չեն գտել, փոխարենը, ինչպես վերը նշվեց, հոդված են պատվիրել։ Երբ փաստաբանը այդ կապակցությամբ պարզաբանումներ է պահանջել Արա Զոհրաբյանից եւ Հայկ Հակոբյանից, նրանք իրար վրա են գցել մեղքը։ «Ես հասկանում եմ, որ կհայտնվեն մարդիկ, որ կարող են ասել, թե ինչու Երվանդը կատարեց այս քայլը, բայց ես հարց եմ տալիս բոլորին, որքա՞ն կարելի է համբերել, երբ բողոքներ են կեղծ պատրաստվում քո դեմ, լռում ես, երբ կեղծ հոդված է տպվում քո դեմ, լռում ես, երբ անհասկանալի պայմաններում քո նկատմամբ չի հարուցվում կարգապահական վարույթ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, բայց քեզ որեւէ անգամ չեն լսում, լռում ես, երբ անօրինական քեզ զրկում են խորհրդի անդամի կարգավիճակից, էլի լռում ես եւ այդպես շարունակ, լռում ես, բայց որքա՞ն կարելի է լռել եւ մարսել։ Սահմանը որտե՞ղ է, որքա՞ն կարող է մարդը լռի` հանուն գաղափարի ի վնաս իրեն»,- ամփոփեց փաստաբանը: