ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվում է մեգալիթյան շրջանի մի հսկայական հուշահամալիր, որն իր գոյությամբ արդեն իսկ առեղծվածների մի շարան է ստեղծել: Հավանաբար վերնագրից արդեն հասկանալի է, որ այն մի քանի կատեգորիաներով տարբեր ենթադրությունների բախման կետ է դարձել: Մինչ տարակարծություններին անդրդառնալը հստակորեն կարելի է ասել, որ առաջին հերթին սա մի համալիր է, որտեղ կարելի է տեսնել միաժամանակ մենհիրներ, դոլմենններ, կրոմլեխներ և անգամ կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Իհարկե այս տերմինները շատերին ոչինչ չասեցին, սակայն հնագիտությամբ հետաքրքրվածների մոտ սա կարող է անգամ զարմանք առաջացնել: Որպեսզի բաց չմնա կարճ սահմանենք այս բառերի բացատրությունը. մենհիրները դրանք միայնակ, ուղղահայաց կանգեցված քարերն են, դոլմենները՝ սեղանաքարերը, իսկ կրոմլեխները՝ շրջանաձև տեղադրված մենաքարերը, սրանք բոլորն էլ ունեցել են ծիսական նշանակություն և կանգնեցված են եղել գերեզմաններին, դամբարաններին: Սա այն հիմնական տեղեկությունն է, որը ոչ մի տարակարծության ենթակա չէ, այս ամենով սկսվում և վերջանում է հստակ բնորոշումը, իսկ մնացյալը տարբեր ու իրարամերժ մեկնաբանությունների ենթակա են՝ սկսված անվանումից, թվագրությունից, մինչև համալիրի նշանակությունը:
Հուշարձանի մասին առաջին գրավոր հիշատակությունը կատարել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է: 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է Զորաց Քարեր անունը: Այստեղից էլ սկսվում է անվան շուրջ գիտական <<վիճաբանությունները>>: Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին,ՀՀ Կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան>>: Զորաց քարերը թարգմանվել է հուշարձանի թուրքական անվանումից՝ Ղոշուն դաշ / ղոշուն՝ շարք, զորք, դաշ՝ քար/: Որոշ հետազոտողները, Զորաց քարեր ասելով, նկատի ունեն զորքի, այսինքն զինվորականների գերեզմանաքարեր,ինչը որոշ գիտնականների մոտ տվեց այն ենթադրությունը, թե Քարահունջը՝ նույն Զորաց քարերը իրենցից ներկայացնում են նեկրապոլիս՝ գերեզմանաքաղաք կամ մեռյալների քաղաք: <<Քարահունջ աստղադիտարան>> հիմնադրամի մասնագետները Զորաց քարերը մեկնաբանում են, որպես օրացույց քարեր. գրաբարում զօր նշանակում է` օր, այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր: Նույնպիսի տարակարծություններ կան նաև <<Քարահունջ>> բառի բացատրության մեջ. Հունջ՝ հնչյուն, հունջ՝ փունջ, հունջ՝ շունչ: Տրամաբանորեն բոլոր ենթադրություններն էլ ճիշտ են և հուշարձանին մեկ անվանում տալը, կամ անվանման մեկ բացատրություն տալը դժվար է, այդ իսկ պատճառով հստակեցված չէ: Հավասարապես օգտագործվում ՝ և´ Քարահունջը , և´ Զորաց քարերը: Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումներ, ինչպիսիք են Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
Հնագիտական պեղումներ կատարվել են միայն հուշարձանի հարակից դամբարաններում Մորուս Հասրաթյանի և Օնիկ Խնկիկյանի կողմից: Պեղումների ընթացքում հայտնաբերված բրոնզե զարդերի, հայելիների, կավե տարատեսակ իրերի և այլ առարկաների ուսումնասիրության շնորհիվ տրվել է թվագրության հնարավորություն՝ Ք.ա. 3-2-րդ հազարամյակներ:Սակայն չեն պեղվել հուշարձանի գլխավոր առանձնահատկությունը համարվող մենհիրները և նրանց շրջակայքը, ուստի այս թվագրական տվյալները չի կարելի տալ ամբողջ հուշարձանին, քանի որ հնարավոր է հնագիտական գտածոները շատ ավելի ուշ են ստեղծվել:
Հուշարձանում կան 222 մենհիրներ՝ 0,5-3 մետր բարձրությամբ, 10 տոննայի հասնող կշռով: Դրանցից 84-ը վերին մասում ունեն 4-5 սմ տրամագծով անցքեր: Այս անցքերը ևս նոր տարատեսակ ենթադրությունների բեմահարթակ դարձան: Որոշ հնագետներ գտնում են, որ անցքերը օգտագործվել են քարերը տեղափոխելու համար պարաններ կապելու և քաշելու նպատակով, ինչն անհնարին է, որովհետեւ անցքերն արված են քարերի վերին մասում, և եթե դրանցից քաշեին, անցքի մի մասը կջարդվեր: Բացի այդ կան քարեր, որոնց անցքերը կիսատ են բացված, իսկ սա վկայում է, որ քարերը տեղադրվելուց հետո են մշակվել,վրաները անցքեր բացվել:Որոշ «հայ հանճարեղ» հնագետներ էլ կարծիք են հայտնել, որ այդ անցքերը ծառայել են ձիերի սանձերը կապելուն, ինչը բացարձակ անհեթեթություն է:
Միակ խելքին մոտ տարբերակն այն է, որ դրանք աստղագիտական նշանակություն են ունեցել: Վերջինիս մասին առաջին ենթադրությունը կատարել է Օնիկ Խնկիկյանը 1984 թ.-ին:
1994-2001 թ.թ.-ին ՀՀԳԱԱ ակադեմիկոս Պարիս Հերունին իր անձնական միջոցներով կազմակերպել է գիտարշավներ, որոնց ընթացքում կազմվել է հուշարձանի մանրամասն տոպոգրաֆիական քարտեզը, չափվել է Քարահունջի աշխարհագրական դիրքը, տեղանքի մագնիսական շեղման անկյունը, հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունները , չափվել են քարերի բոլոր անցքերի ուղղվածությունները, տեղի անկյունները, կատարվել են նաև այլ չափումներ: Կազմվել է 222 մենհիրների լիակատար կատալոգ` քարերի չափերի ու վիճակի նկարագրությամբ: Կատարվել է արևի և լուսնի ծագելու, մայր մտնելու ու կուլմինացիայի ֆոտոֆիքսում: Եվ այս ամենի շնորհիվ ապացուցվել է աստղագիտական նշանակություն ունենալու հանգամանքը:Այս տեսակետին հակված է գիտական աշխարհի մեծամասնությունը:
Քարահունջ աստղադիտարանը բաղկացած է հետեւյալ մասերից` կենտրոնական շրջան, հյուսիսային թև, հարավային թև, հյուսիս-արեւելյան քարուղի, լարագիծ, որը հատում է շրջանը, և առանձին կանգնած քարեր:
Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից , սրանք անցքեր չունեն: Շրջանի կենտրոնում գտնվում է 7×5 քառակուսի մետր չափերով գետնափոր կառույց, որը ծառայել է որպես տաճար կամ պաշտամունքային դամբարան, մեհյան: Հարկ է նշել, որ սա իր չափերով և ձևով նման է Գառնու տաճարին: Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ կենտրոնական շրջանն ու հյուսիս–արևելյան կարճ քարուղին, որն ուղղված է արևածագի կետին ամառային արևադարձի օրը, ծառայել է Ար աստծուն նվիրված հանդիսավոր արարողութոյւններին: Հետազոտողների մի խումբ, որը օգտագործել է զգայուն մագնիսամետրեր, հայտնաբերել է, որ կենտրոնական շրջանի ներսում բնական մագնիսական ուժագծերը պարույրի տեսք ունեն և էներգետիկ դաշտը ձգվում է դեպի երկինք, իսկ շրջակայքում հանդիպում են ալիքային էներգետիկ դաշտեր: Հյուսիս-արեւմտյան քարուղին ձգվում է կենտրոնական շրջանից. այն ուղղված է արևի ծագման կետին, ամառային արևադարձի օրը (նույն կետին նայող քարուղի կա նաև Անգլիայի Սթոունհենջում): Լարագիծը հատում է կենտրոնական շրջանը, որպես հյուսիսային թևի շարունակություն միացնում է այն հարավային թևին:Կան նաեւ 5 առանձին կանգնած քարեր, որոնցից 1-ն ունի անցք: Հնարավոր է, որ առանձին կանգնած քարերը, ինչպես Սթոունհենջի կրկնաքարերը, օգտագործվել են նշանառության համար:
Ակադեմիկոս Հերունին հայտնաբերել է քարե բազմաթիվ աստղագիտական գործիքներ:Ինչպես օրինակ՝ արևը դիտելու համար կա 17 քար, որոնք օգտագործվել են ամառային արևադարձը, ձմեռային արևադարձը, ինչպես նաև գարնան և աշնան գիշերահավասարի օրերին` արևածագի և արևամուտի պահը դիտելու համար:Ինչ վերաբերվում է լուսինը դիտելուն՝ Հերունին առանձնացրել է 14 քար:
Ակադեմիկոսը Քարահունջի տարիքը հաշվել է 4 իրարից անկախ աստղագիտական մեթոդներով` արևի և լուսնի ծագելու և մայր մտնելու ազիմուտների տեղաշարժով, զենիթի կետով աստղերի անցնելով,աստղերի ծագելու և մայր մտնելու ազիմուտով, աստղերի կուլմինացիաների բարձրությունով: Բոլոր մեթոդներով հաշվելու դեպքում էլ Պ. Հերունին ստացել է գրեթե նույն տարիքը` 7500 տարի մեզանից առաջ:Քարահունջի տարիքը հաշվել է նաև Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ Ն. Գ. Բոչկարյովը, որը մասնակցել է 2001 թ.-ին ակադեմիկոս Հերունու կազմակերպած գիտարշավին: Ըստ պրոֆեսոր Բոչկարյովի հաշվարկների` Քարահունջը 7000-8000 տարեկան է: Այս հաշվարկներից կարելի է ենթադրել, որ Հայաստանում քաղաքակրթությունը իր հիմքերն է գցել շատ ավելի վաղ շրջանում, որպես վկայում նշենք, որ եգիպտական բուրգերը՝ որպես հնագույն քաղաքակրթության վկաներ, շուրջ 4000 տարով փոքր են Քարահունջից, նույնը կարելի ասել նաև Սթոունհենջի մասին: Հետաքրքիր է նաև, որ Քարահունջ-Սթոունհենջ-Եգիպտական բուրգերը իրարից գտնվում են նույն հեռավորության վրա և կազմում են հավասարասրուն եռանկյուն, որը բավական խորհրդանշական է:
1999 թ.-ի փետրվարին ակադեմիկոս Հերունին Քարահունջի վերաբերյալ իր բոլոր ուսումնասիրություններն ուղարկել է հնագույն մոնումենտների աստղագիտական մեթոդներեվ թվագրման խոշորագույն մասնագետ Ջ. Խ. Հոուկինսին: Պրոֆեսոր Հոուկինսը ստուգել է հայ ակադեմիկոսի կատարած հաշվարկները և համաձայնել Հերունու կատարած հաշվարկներին` շեշտելով, որ Քարահունջը շատ նմանություններ ունի Անգլիայի Սթոունհենջին և Իռլանդիայի Քալենիշին: Հարկ է նշել, որ կառուցվածքային, գործառնույթային նմանությունից բացի, Սթոունհենջն ու Քարահունջը ունեն նաև անվանական նմանություն, ինչպես գիտենք սթոուն անգլերենից թարգմանաբար նշանակում է քար, իսկ հենջ բառ անգլերենում գոյություն չունի և շատ հավանական է, որ այն փոխառնված է Քարահունջի <<հունջ>> արմատից: Եվ այս փոխառնությունը միանգամայն տրամաբանական բացատրություն ունի, անգլո-սաքսոնական ժամանակագրություն գրքից /8-րդ դար/ հայտնի է, որ բրիտները / Անգլիայի առաջին բնակիչները/ Անգլիայի տարածք են տեղափոխվել Արմենիայից՝ իրենց հետ տանելով տեղի սովորույթներն ու մշակույթը, և հենց արմենի երկրից տեղափոխված բրիտներն են կառուցել Սթոունհենջը՝ ավել ուշ, քան կառուցվել է Քարահունջը: Սա մի սենսացիոն բացահայտում է, որին հետևելու դեպքում հայ հնագետները կարող են ապացուցել, որ Քարահունջը հիմք է հանդիսացել Սթոունհենջի համար:
Ակադեմիկոս Հերունու առաջ քաշած տեսակետի համաձայն հուշարձանի մի շարք աստղագիտական գործիքները վկայում են, որ միջնադարյան Եվրոպայից շատ հազարամյակներ առաջ Հայաստանում իմացել են, որ տարին բաղկացած է 365+0,25 օրից, իչպես նաև այն մասին, որ երկիրը գնդաձև է և այն պտտվել է իր առանցքի շուրջ, տարին սկսվել է գիշերահավասարի օրը, գիտեին նաև երկրի առանցքի թեքության մասին: Հնարավոր է ՝ Քարահունջի քարերից մեկն անգամ օգտագործվել է որպես օրացույց, արեգակնային ժամացույց:
Աստղագիտական նշանակության մեկ այլ դրսևորում է գտել մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ հայտնաբերելով, որ Քարահունջի քարերի դասավորվածությունը կրկնում է Կարապի (Անգղի) համաստեղության աստղերի դասավորվածությանը: Ամեն դեպքում այս վարկածը ևս սենսացիոն նշանակություն ունի և նման ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս Հայաստանը առաձնացել ևս մեկ ասպեկտով՝ որպես աշխարհի հնագույն աստղադիտարան ունեցող երկրի: