Սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի հերթական հրետակոծությունը հանգեցրել է զոհերի եւ վիրավորների: Ադրբեջանն արդեն մոտ մեկ ամիս շարունակ թիրախ է դարձրել խաղաղ բնակչությանը: Եթե մինչ այդ հաջողվում էր զերծ մնալ զոհերից, ապա սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում արտգործնախարարների մակարդակով բանակցության նախօրեին, Հայաստանի խաղաղ բնակչությունը տվեց երեք զոհ: Զուգադիպություն էր, թե Ադրբեջանն այդ օրը ուղղակի հենց թիրախավորված էր կրակել, դժվար է ասել: Դժվվար է ասել նաեւ, թե ինչն է Ադրբեջանի գործողությունների բուն շարժառիթը եւ նպատակը:Բաքուն գնում է վա բա՞նկ՝ գժտված լինելով Արեւմուտքի հետ եւ չկարողանալով հույս կապել թուլացող Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, թե՞ Ռուսաստանը գցում է Բաքվին՝ փորձելով պայմանավորվել Արեւմուտքի հետ ու հանձնել Բաքվին: Թե՞ շարունակվում է Արեւմուտքի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական պատերազմական շանտաժը:Հնարավոր է գրեթե ցանկացած սցենար: Հայկական կողմը պետք է պատրաստ լինի ամեն ինչին, ընդհուպ տարբերակի, երբ կա ընդհանրապես Արեւմուտք-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համաձայնեցված խաղ, ինչի հավանականությունը շատ քիչ է կամ ավելի շուտ նշաններն ու նախադրյալները բացակայում են, սակայն միայն բոլոր հավանական եւ անհավանական սցենարներին պատրաստ լինելու դեպքում է հնարավոր կառուցել օպտիմալ պաշտպանություն՝ թե դիվանագիտական, թե ռազմական:Առայժմ Հայաստանի պարագայում աշխատում է միայն ռազմականը, իր խնդիրները լուծում է միայն բանակը: Դա ակնհայտորեն քիչ է, որովհետեւ բանական էլ իր խնդիրները լուծելու հարցում պահանջելու է ավելի ու ավելի մեծ ռեսուրս: Ադրբեջանն ընդլայնում է հրադադարի խախտման սահմանները: Խաղաղ բնակչության մահաբեր հրետակոծությունը փաստացի պատերազմ է, մասշտաբային պատերազմ, որը կարող է լինել ուղղակի ժամանակի մեջ բավական ձգված եւ ընդամենն այդքանով աննկատ: Բայց այդ պատերազմը չգիտակցելն աղետալի կլինի:Հետեւաբար, Հայաստանի զինուժը այլեւս ոչ թե սահման է պահում, այլ ուղղակի տարածք եւ կյանքեր: Դա նշանակում է, որ անվտանգության միջոցառումները պահանջելու են հակառակորդի նկատմամբ ավելի մասշտաբային գործողություններ: Ադրբեջանը պատերազմը տեղափոխել է Հայաստանի տարածք, թեկուզ ոչ ցամաքային՝ հրետանային, բայց տեղափոխել է Հայաստանի տարածք: Հայկական զինուժին այլ բան չի մնում, քան առնվազն նույն կերպ, իսկ գուցե նաեւ անհամաչափորեն պատերազմը տեղափոխել Ադրբեջանի տարածք:Զուտ մարտական տեսանկյունից կասկած չկա այդ խնդդիրը լուծելու հայկական բանակի ունակության հարցում, բայց բանն այն է, որ դա արդեն լոկ ռազմական խնդիր չէ: Ադրբեջանն օրինակ, լոկ ռազմական խնդիր չէ, որ իրականացնում է Հայաստանի տարածքը հրետակոծելով: Դա ռազմա-քաղաքական փաթեթ է: Հայաստանը չի կարող պատասխանել միայն ռազմականով, քաղաքական բաղադրիչը անխուսափելի է:Քիչ հավանական է, որ Բաքուն ընդամենը վա բանկ է գնում: Հազիվ թե Ալիեւը դիմի ինքնասպանության, նման սադրանքի դիմելով առանց Մինսկի խմբի ազդեցիկ համանախագահներից որեւէ մեկի աջակցության: Վերջին ամսվա ընթացքում բավական ինտենսիվացել էին ռուս-ադրբեջանա-թուրքական շփումները, ինչը հիմք է տալիս կարծելու, որ Ալիեւը վայելում է ՌԴ աջակցությունը այդ գործում, որպես ռուսական սպառազինության խոշոր գնորդ, որի վերաբերյալ նոր պայմանագիրը համաձայնեցվեց հենց օրերս:Դա նշանակում է, որ Հայաստանի պատասխան փաթեթն էլ անխուսափելիորեն պետք է լինի ռազմա-քաղաքական: Այստեղ էլ առաջանում է ամբողջ խնդիրը, քանի որ Հայաստանը ռազմա-քաղաքական այն համակարգում է, որը Ադրբեջանի դաշնակիցը կամ աջակիցն է:Դրա հետեւանքով է մեծ խզվածք առաջացել Հայաստանի իրականացրած արտաքին եւ տնտեսական քաղաքականության ու պաշտպանական խնդիրների միջեւ: Քանի դեռ Ադրբեջանից եկող մարտահրավերները փոքր, լոկալ բնույթի էին, այդ խզվածքը իրեն քիչ էր զգացնել տալիս: Եթե Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է մասշտաբն ու բնույթը, ապա խզվածքը կսկսի զգացվել էապես: Այդ պարագայում անհնար կլինի լուծել պաշտպանական խնդիրները առանց արտաքին եւ տնտեսական քաղաքականության էական վերանայման: