<<Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991թ. Սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն>>:
Այս խոսքերով ԳԽ-ի սեպտեմբերի 23-ի նիստում հանդես եկավ Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով Գերագույն Խորհրդի ՀՀ Անկախության հռչակման մասին որոշումը: Սա երբևԷ ընդունված որոշումներից վեհագույնն էր, որ փրկությունն էր պետության ազգապահպանության գործում, հայ ժողովուրդը՝ պատգամավոր թե հասարակ քաղաքացի, համախմբվեց միասնական գաղափարի շուրջ և ընտրեց անկախությունը` որպես միակ հնարավոր կարգավիճակ, երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:
Այս ամենը տեղի ունեցավ բարդ նախապատմություն ունենալով. 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, դեկտեմբերի 7-ին Սպիտակում ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվել էին 25 000 բնակիչ, անօթևան մնացել՝ 530 000-ը, հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ադրբեջանաբնակ հայերից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվել էին Հայաստան, պատերազմի պատճառով քայքայվել էր երկրի տնտեսությունը:
Կարծես հենց այս դժվարություններն էլ ոտքի ելնելու և պայքարի դուրս գալու պատճառ դարձան: Օպերայի շենքի հարակից տարածքում ցույցերը բազմահազարանոց էին և ոգեշնչող. նրանց բոլորի ցանկությունը նույնն էր՝ ժողովրդավարություն, ազգային ինքնորոշում, ազատություն, իսկ դրան կարելի էր հասնել միայն անկախության միջոցով:
Անկախության հասնելու դժվարին ուղին սկզբնավորվեց 1990թ. օգոստոսի 23-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը, որով հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե, որն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ, և որին հետևում էին 117 դիտորդ` 25 երկրից:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը: Սա կարծես համաժողովրդական ինքնաբուխ ընդվզում էր, որ վերաճեց պայքարի ու հասավ սպասելի արդյունքի: Վերջինիս հիման վրա էլ Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: Անկախության հռչակմանը կողմ էր նաև հոգևոր դասը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը հենց Գերագույն խորհրդի ամբիոնից օրհնեց քաղաքացիների որոշումը: Չնայած տնտեսական ճգնաժամային իրավիճակին, պատերազմական դրությանը, խանդավառություն էր ամենուր, քանզի հայ ժողովուրդը շեմեց պատմության մի նոր ուղի. ուղի, որ սկսվեց 1991թ. և շարունակվում է մինչ օրս:
Այսօր Անկախության հռչակման 24-րդ տարին է, և մեր երիտասարդ պետությունը թևակոխել է զարգացման մի նոր շրջան:
Ուզում ենք հավատալ, որ այս շրջանում պետք է գերիշխեն լույսն ու լավատեսությունը, պայքարի ուժն ու ձգտումը հանուն ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ զերծ ամեն տեսակ կլանային համակարգերից:
Այսօր մեր երիտասարդությունը արմատավորում է մեր հավատը` հասարակական, սոցիալական ակտիվություն դրսևորելով և առայժմ թեկուզ և միայն բարձրակոչելով` “մենք ենք մեր երկրի տերերը”:
Մենք հավատում ենք մեր տերերին: