Հայաստանում, սեպտեմբերի 1-ը, կարծես, դպրոցական շոու լիներ: Երեկ ամբողջ ֆեյսբուքը ողողված էր մեծահարուստների, պաշտոնյաների, ճանաչված անձանց երեխաների ու թոռների ուրախ և անհոգ նկարներով: Էլ չեմ ասում, դպրոցի որոշ տնօրենների քծնանքն ու օճառվելու իմիտացիան իրենց կրթական հաստատություն ոտք դրած պաշտոնյայի հանդեպ՝ ուղղակի զզվանք էր առաջացնում: Այս ամենին կարող ենք «աչք փակել», սովորենք դրան, բայց ինչպես աչք փակել տխուր աչքերով նայող երեխաներին, երբ նրանցից շատերը այսօր դպրոց են գնացել, կամ գուցե չեն գնացել, որովհետև գրենական պիտույքներ, նոր պայուսակ չեն ունեցել, հագուստը նոր չի եղել……..
Սփյուռքում դիտելով սեպտեմբերի 1-ի հայաստանյան լրատվությունը, մի պահ զարմանում ես, իյա, ՛ իրո՞ք, Հայաստանում արդեն ամեն ինչ լա՞վ է, տնտեսական խնդիրներ էլ չկա՞ն, պետական բյուջեն չի՞ դատարկվել, որ նման ցնցությամբ ու անհոգ դեմքերով մարդկանց էին ցույց տալիս:
Ամենաաղետալին ռեպորտաժներից մեկում ներկայացված պատկերն էր, երբ , լրագրողը խնդրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին /ով այդ դպրոցի շրջանավարտներից է եղել/ արտասանել Դ. Վարուժանից որևէ քառատող ՝ վերջինիս «գրագիտությունը» հանրությանը ներկայացնելու համար:
Ըստ իս, պահն էր, երբ լրագրողը իր մասնագիտական հմտությունը կարող էր օգտագործել և հարցնել Գալուստ Սահակյանին, երկրիս վարչապետին , ՀՀ ԿԳ-ի նախարարին , թե որքանով են բավարար գնահատում երկրի այսօրվա տնտեսական և սոցիալական վիճակը, երբ շատ շատերի երեխաները սեպտեմբերի մեկին տխուր աչքերով են ոտք դրել դպրոց, երբ շատ ուսանողներ ուսման վարձի պատճառով չեն կարողացել ուսումը շարունակել ուսումնական հաստատություններում: Համոզված եմ, որ նրանց այդ թեման բոլորովին էլ չի հետաքրքրում: Նրանց միայն հետաքրքում է իրենց պաշտոնը, իրենց ընտանիքը, կամ սովորաբար ինչպես իրենք են ասում՝ մենք, մեր, մեզ, մեզանով, մերոնցով և այլն…..
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի Դ. Վարուժանից որևէ քառատող չիմանալուն՝ դա բոլորովին զարմանալի չէր :