Հայաստանից տարեկան հեռանում է 30.000 մարդ. պաշտոնական տվյալները հերթական անգամ վարագուրում են իրականությունը

«Հայաստանից տարեկան հեռանում է մոտավորապես 30.000 մարդ, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում երկրի ժողովրդագրական պատկերի վրա»,-  երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Վերջինիս վատատեսական կանխատեսումների համաձայն` Հայաստանում 2050-ականների վերջերին բնակչության թիվը նվազելու է մինչև 1.3 միլիոն մարդ: Սա պայմանավորված է մի շարք բացասական հանգամանքներով` ծնելիության մակարդակի նվազում, մահացության թվի աճ և արտագաղթ:

Արդեն 25 տարի հետո, երբ հայրական ու մայրական նոր սերունդն է գալու, իրեց բացարձակ թիվն ավելի փոքր է լինելու քան հիմա ու դրա պատճառով, ըստ ժողովրդագրի, մոտ ապագայում Հայաստանը կունենա բացարձակ ապաբնակեցում, երբ մահացածների թիվը կլինի ծնվածների թվից ավել: Իսկ մահացածների թիվը շարունակական աճման միտում ունի, որն իր հերթին պայմանավորված է բնակչության ծերացման երևույթի խորացմամբ: Շարունակաբար մեծանում է ծերերի տեսակարար կշիռը, փոքրանում է մանուկների, երիտասարդների տեսակարար կշիռը: Ո՞ւր են երիտասարդները…

Այս երևույթի առաջացման գլխավոր պատճառը, թերևս, մնում է արտագաղթը: Օր օրի ահագնացող է դառնում երկրից հեռացողների թիվը:

30.000՞, թե՞ ավելի…, ո՞ր ճանապարհով հեռացողներն են հաշվարկվում, միայն ինքնաթիռո՞վ, թե՞ այլ տրանսպորտային միջոցներով ևս:

Ըստ առկա տեղեկատվության` վերջին տարիներին զգալիորեն աճել է ավտոբուսով հինականում դեպի Ռուսաստան գնացողների թիվը:

Այստեղ ևս պետության մատն է խառը: Այն սկսվեց մոտավորապես 4 տարի առաջ. Հայաստանը համաձայնություն տվեց, որ Ռուսաստանը Հայաստանի մջոցով իրականացնի իր սիբիրյան հողերը բնակեցնելու ծրագիրը: Ծրագիրը նախատեսում էր դիմողներին աշխատանքով և ժամանկավոր կացարանով ապահովում: Ծրագրի իրականացման 1 տարվա ընթացքում աննկարագրելի հերթեր էին առաջանում այն գրասենյակների մոտ, որտեղ զբաղված էին ցանկացողների հերթագրմամբ: Արդյունքում դիմողների շատ թվի պատճառով մոտ 1 տարի հետո հայտարարվեց, թե իբր կասեցվում է ծրագիրը, քիչ ժամանակ անց` ինչ-ինչ պատճառներով նորից վերաբացվեց ծրագիրը` այս անգամ մեկնողները ոչ միայն հերթագրված անձինք էին, այլև շատ ու շատ այլ քաղաքացիներ, ովքեր հացի խնդրի լուծումը սկսեցին տեսնել միայն օտար ափերում և որպես ամենաքիչ ծախսատար տեղափոխման միջոց` ընտրվեցին ավտոբուսները:

Դեռ սա ոչինչ, ողբերգականը այն է, որ մարդիկ սկսեցին տեղափոխվել ընտանիքներով: Ուսներին դրած թելերով կապկպած վերմակներն ու անկողինները` մայր ու մանուկ ճամփա ընկան: Մի առիթով այցելելով մի քանի սահմանամերձ գյուղեր` ուղղակի պապանձվել էի. գյուղապետի փաստմամբ 800 գրանցված բնակիչ ունեցող գյուղում ապրում էր մոտ 20 տնտեսություն, կամ ասենք 250 գրանցված բնակչով գյուղն այսօր ունի մի քանի ընտանիք ընդամենը, այն էլ` միայն ծերեր ու երեխաներ: Արդյունքում տասնյակ գյուղերում փակվում են դպրոցներն ու մյուս հաստատությունները. երեխաների թիվը չի բավարարում նույնիսկ մեկ դասարան բացելու, էլ չասեմ, որ համայնքներ կան, որտեղ 20 հոգանոց աշակերտներով է պահվում ամբողջ դպրոցը:

Մարզերի մեծ քաղաքներում այդ ավտոբուսներն ունեն կայանատեղիներ, սրտամրմուռ պատկեր է ամեն առավոտ մեկնողների անորոշ ու անապագա հայացքները տեսնելը:

Ռուսաստանը «փորձեց» յուրովի վերահսկել իրավիճակը` խստացնելով Ռուսաստանում հայերին ժամանակավոր կացության իրավունք տրամադրելու հարցը` այն սահմանելով առավելագույնը 3 ամիս: աշխատանքի մեկնած շատ հայերի համար սա լուրջ խոչընդոտ եղավ, բայց դրան հաջորդեց Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու համար նոր նախագիծը, որը թույլ էր տալիս ռուսերենի իմացության դեպքում հանձնել քննություն և ստանալ փաստաթուղթ, հետո լրամշակվեց, և ավելացրեցին, որ եթե անձը բարձրագույն կրթություն է ստացել սովետական տարիներին, ապա նա ունի իրավունք հանձնելու այդ քննությունը, ու այսպես մի շարք մանր ու մեծ օրենսդրական նախագծեր, որոնցից ոչ մեկն էլ, ի վերջո, հստակ հրապարակում չունեցավ` առավել ևս չներկայացվեցին այդ նախագծերի իրականցման մեխանիզմները:

Ինչէ, դա մեր «ցավին դարման չեղավ»:  Հայաստանը շարունակվում է հայաթափվել ու հիմնական ուղղություններից մեկը Ռուսաստանն է:

Ըստ տվյաների` այս ընթացքում օրական սահմանը հատում է նվազագույնը 5 ավտոբուս` յուրաքանչյուրը 50 ուղևորով: Ստացվում է, որ օրական նվազագույնը տեղափոխվում են 250 հոգի, եթե դա բազմապատկենք ամսվա օրերով, կստանանք մոտավորապես ամսեկան 7500, 12 ամսվա համար` մոտ 90.000: Լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ ոչ թե 5 այլ 2 կամ 3 ավտոբուս` ապա միայն 40.000 տարեկան այս ճանապարհով է դուրս գալիս, բա ինքնաթիռով գնացողները…

Այս «բարդ» թվաբանության մեջ պետությունը քայլեր է անում դեմոգրաֆիական պատկերը կայունացնելու: Ինչպե՞ս, ասեմ` համայնքների միավորմամբ կամ ասենք ազգային ժողովում քննարկման դնելով նախագիծ` 20 տարեկան աղջիկների մայրանալը խրախուսելու մասին…/դա էլ դեռ հարց է ինչպե՞ս են պատրաստվում քաջալերել 20 տարեկան աղջկան մայրանալ/

Ո՞ւր մնացին եվրոպական արժեքները, կանանց հանդեպ բռնության և կանանց հասարակական դերի բարձրացման նպատակով Հայաստան մուտք գործած միլիոնավոր դոլլարներ արժեցող ծրագրերն իրենց արդյունքներով… Վերադառնում ենք նրան, որ աղջկա միակ հասարակական դերը մայրանա՞լն է…

Քննարկում ենք, օրենսդրական բարեփոխումներ մշակում, բարձրագոչ ելույթներ ունենում, բայց արդյունքում նորից նստում դատարկ դաշտակի առաջ…

Հայաստանը դատարկվում է…

Կհասնե՞նք արդյոք ժողովրդագրի նշած 2050 ականներին, այն էլ 1,3 միլիոնով…

Ա.Ս.