Սեղանի թենիսի Հայաստանի թիմը եզրափակիչ մրցաշարի ուղեգիր է նվաճել

Կիպրոսում անցկացված սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին մասնակցել է նաեւ տղամարդկանց Հայաստանի թիմը: Խմբում ընդգրկված են եղել նաեւ Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, և Կիպրոսի հավաքականները:

Հայաստանը ներկայացրել են Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը: Նրանք տարել են չորս հաղթանակ, պարտվել միայն Լիտվայի թիմին և գրավել երկրորդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Լավագույն երեք թիմերը իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա 2023թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում: Խմբային փուլում Հայաստանի մրցակիցները կլինեն Թուրքիայի եւ Էստոնիայի թիմերը։