ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը Թուրքիայում չի կարվում

Նախարարության հաշվեկշռում գտնվող ամբողջ հագուստը հայկական արտադրանք է, և «Made in Turkey» գրությամբ պիտակներն այդ հագուստինը չեն։

 ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հագուստը կարվում է բացառապես Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»։

Նշենք, որ օրերս սոցիալական ցանցերում տարածվում էր լուսանկար, որը մեծ աղմուկ բարձրացրեց և քննարկումների պատճառ դարձավ։ Լուսանկարում իբրև ՀՀ պաշտպանության նախարարության համազգեստ էր, և պիտակի վրա առկա էր «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։

«Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում»,- կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ նշել են ՊՆ-ում։

Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներում երևացող հագուստին՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ենթադրում է, որ այն անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրված տեքստիլ արտադրանք է։ Նշվում է, որ այդ հագուստը ոչ մի կապ չունի ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ։

armeniasputnik.am