Որոնք են ամենատարածված «միֆերը» առողջ կենսակերպի մասին

Առողջ կենսակերպի կարևորության մասին բոլորը գիտեն: Մասնագետները հորդորում են հնարավորինս զերծ մնալ վատ սովորություններից ու վարել ճիշտ կենսակերպ, սակայն ներկայում հանրության շրջանում կան տարբեր կարծրացած թյուր կարծիքներ առողջ ապրելակերպի մասին, որոնց շատերը շարունակում են հավատալ: Actualnews.org կայքը ներկայացրել է առողջ կեսնակերպի մասին ամենատարածված «միֆերը»:

Առողջ կենսակերպ վարող մարդկանցից շատերը խուսափում են քաղցրավենիքից, քանի որ վստահ են, որ քաղցր մթերքը կարող է դառնալ շաքարային դիաբետի զարգացման պատճառ, սակայն իրականում այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Գիտնականներն ընդգծում են, որ շաքարային դիաբետի զարգացմանը նպաստում է ճարպի ավելցուկը, որն արտազատում է բորբոքումներ առաջացնող նյութեր: Այդ բորբոքումներն էլ հանգեցնում են հիվանդության զարգացման, ուստի դրանից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել քաշին:

Բացի այդ, շատերը վստահ են, որ սուրճը վնասակար է սրտանոթային համակարգի համար և վատթարացնում է սրտամկանի աշխատանքը, մինչդեռ գիտնականները վաղուց ապացուցել են, որ այս ըմպելիքը շատ օգտակար է սրտամկանի համար և օգնում է ամրապնդել այն: Սակայն նման արդյունքի հնարավոր կլինի հասնել միայն բնական ու որակյալ սուրճ օգտագործելու և օրական 4 բաժակը չգերազանցելու դեպքում:

Շատ տարածված է նաև հացի մուգ տեսակների օգտակարության մասին պնդումը: Մարդիկ վստահ են, որ մուգ գույն ունեցող հացերն ավելի օգտակար են, քան սպիտակ հացը, քանի որ դրանց գործածությունը չի հանգեցնում ճարպակալման, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք կարող են պարունակել ավելի շատ շաքար, ինչը բավական վնասակար է:

Ավելորդ քաշից խուսափելու համար մարդիկ հետևում են սննդի ընդունման ժամերին, մինչդեռ իրականում ճարպակալման պատճառ է հանդիսանում ոչ թե ուշ ժամերին սնվելը, այլ ավելորդ կալորիաների գործածությունը: Շատերը խուսափում են նաև սպիտակ շաքարից՝ համարելով, որ շագանակագույն շաքարն ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին, մինչդեռ շաքարի վնասակարությունը կախված չէ դրա տեսակից. այն միևնույն է բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա:

Բացի այդ, մասնագետները հաճախ են նախազգուշացնում որակյալ մսամթերք օգտագործելու կարևորության մասին, մինչդեռ շատերը գերադասում են պարզապես երկար ջերմային մշակման ենթարկել միսը՝ սխալմամբ կարծելով, որ այդ կերպ հնարավոր կլինի ազատվել դրանում առկա հակաբիոտիկներից ու այլ վնասակար տարրերից:

Աղբյուրը՝ tert.am