Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը, որը ռեկորդային գումար՝ 450 մլն դոլար էր վճարել Դա Վինչիի Salvator Mundi գլուխգործոցի համար, այժմ միլիոններ է ծախսել դդումների թեմայով ինստալյացիան ձեռք բերելու համար, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ ինստալյացիան այժմ ցուցադրվում է «Հավերժական սեր դդումների հանդեպ» ցուցահանդեսի շրջանակում՝ Մայամիի ժամանակակից արվեստի ինստիտուտում:
Արվեստագետ Յայոյի Կուսամայի արվեստի գործը բաղկացած է դեղին պուտավոր դդումներից, որոնք լուսավորված են LED լամպերով և տեղակայված են ամբողջովին հայելապատ սենյակում:
Ինստալյացիայի գնորդը, ըստ հաղորդման, անմիջական կապ ունի աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ:
Հավաքածուն Մայամիի ժամանակակից արվեստի ինստիտուտ է բերվել հոկտեմբերի 12-ին, և ինչպես գրված է թանգարանի կայքում՝ այն վարձակալության հիմունքով բերվել է Սաուդյան Արաբիայի թագավորական հավաքածուից:
Հաղորդվում է, որ գահաժառանգ արքայազնը հավաքածուն ձեռք է բերել 6 ամիս առաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի զբոսանավում:
2017թ.-ին այն աճուրդի էր հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը: