Հազարավոր հուսահատ վենեսուելացիներ փորձել են հատել հարևան Կոլումբիայի սահմանը՝ ցանկանալով փախչել ֆինանսական խոր ճգնաժամի հետևանքով տիրող սովից ու հանցավորության բարձր մակարդակից:
Ինչպես երևում է The Daily Mail-ի ֆոտոշարքից՝ վենեսուելացիները Սիմոն Բոլիվարի անվան միջազգային կամրջով փորձել են Կոլումբիա մտնել: Սակայն սահմանին նրանց կանգնեցրել են Կոլումբիայի սահմանապահները, որոնց թիվը զգալի ավելացել է Վենեսուելայում տիրող ճգնաժամի ֆոնին:
Հայտնի է, որ պետական սահմանի հսկողությունն ուժեղացրել է նաև մյուս հարևան երկիրը՝ Բրազիլիան, որն անցած կես տարում ապաստան է տրամադրել տնտեսական ճգնաժամից փախչող 1.5 մլն վենեսուելացու:
Աղբյուրը մանրամասնում է, որ տնտեսական ծանր պայմանների հետևանքով բռնության մակարդակը շատ է բարձրացել հատկապես մայրաքաղաք Կարակասում: Մարդիկ խմբերով հարձակվում են սնունդ տեղափոխող մեքենաների, բեռնատարների վրա:
Հայտնի է, որ միայն հունվար ամսվա ընթացքում գրանցվել է կողոպուտի 162 խոշոր դեպք, որից 42-ը վերաբերում են սննդին:
Այժմ Վենեսուելայում հանցավորության՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է գրանցվել: Մարդիկ տառապում են սննդի, հիգիենայի տարրական միջոցների, դեղորայքի պակասից, ինչպես նաև բողոքում են գների կտրուկ աճից:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է, որ վերջին 6 ամսում իրենք ապաստան են տրամադրել 600.000 վենեսուելացու և այժմ ստիպված են խստացնել սահմանային հսկողությունը, քանի որ անկարող են նոր փախստականներ ընդունել:
«Սա ողբերգություն է: Դիմում եմ նախագահ Մադուրոյին (Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո-Tert.am)` սա Ձեր վարած քաղաքականության հետևանքն է»,- ասել է Սանտոսը:
Աղբյուրը՝ tert.am