Համակարգված խոշտանգումները բնորոշ են Ադրբեջանին. նորվեգական NRC-ի անդրադարձը

Նորվեգական հեղինակավոր NRC պարբերականում, լրագրող Քրիստիան Պաուեյի հեղինակությամբ, լույս է տեսել «Խոշտանգումները համակարգված և բնորոշ են Ադրբեջանում» խորագրով հոդված, որտեղ ներկայացվում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընդդիմադիրներին լռեցնելու և Եվրոպական կառույցներին կաշառելու օրինակներ։ Հոդվածում անդրադարձ է արվում Ալիևի ռեժիմին, ինչպես նաև Եվրոպական կառույցների վերաբերմունքին երկրում տեղի ունեցող բռնաճնշումների նկատմամբ:«Ադրբեջանն ամենամեծ պետությունն է Կովկասում, այն բնութագրվում է կոռուպցիայով և սեփական ժողովրդի նկատմամբ դաժան ճնշումներով: Ալիևների դինաստիան Ադրբեջանում իշխանության է արդեն գրեթե կես դար: Նրանց ռեժիմը բնութագրվում է կոռուպցիայով և ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդարներով: Լրագրողներն, ակտիվիստներն ու ընդդիմության անդամները ենթարկվում են ահաբեկումների, իսկ, եթե իրենք շարունակում են համառ գտնվել, ենթարկվում են հետապնդումների և, նույնիսկ, խոշտանգումների:Նիդերլանդներն այս ամիս որոշել են արտաքսել Ադրբեջանից փախած և իրենցից ապաստան խնդրած ակտիվիստին: Անմիջապես հայրենիք վերադառնալուց հետո նա կալանավորվել է: Սա հստակ քաղաքական ազդակ է, որ Ադրբեջանը նաև իր սահմաններից դուրս քննադատություն չի հանդուրժում:Նախագահ Իլհամ Ալիևը 2003թ. իր հորը հաջորդելով իշխանությունը պահելու համար դիմել է տարբեր միջոցների, այդ թվում՝ նախագահելու համար սահմանված առավելագույն ժամկետի արգելքը վերացնելով: Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի տվյալներով՝ Ադրբեջանում կա մոտ 120 հազար քաղաքական բանտարկյալ, այն դեպքում, երբ բնակչությունը կազմում է մոտ 10 մլն մարդ: 2014թ. կալանավորումների մեծ ալիք է տեղի ունեցել, իսկ 2015թ. կալանավորվել են նաև Յունուսն ու նրա ամուսինը: Ամուսինները կասկածվում էին Հայաստանի համար լրտեսություն անելու մեջ: Միջազգային հանրության ճնշման ներքո, ինչպես նաև այն պատճառով, որ ամուսիններն առողջական խնդիրներ ունեին, նրանց ի վերջո հիվանդանոց այցելելու թույլտվություն տվեցին»,- նշված է հոդվածում:Հոդվածագիրն անդրադարձել է նաև Ադրբեջանի բանտերում տիրող անմարդկային իրավիճակին, Ադրբեջանի և Եվրոպական միության կոռուպցիոն հարաբերություններին, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների, որոնք առկա են այդ երկրում: