Սահմանին հերթեր են. ի՞նչ է կատարվում «Վերին Լարս» անցակետում

«Վերին Լարս» անցակետում տիրող վիճակը (ռուս–վրացական սահմանին) թեև շատ հուսադրող չէ, բայց տանելի է, մի քանի օր տևող առաջվա հերթերը չկան։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետի երկու կողմում ավելի քան 500 տրանսպորտային միջոց է կուտակվել։ Հերթերը գոյացել են Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում երեք օր շարունակ որոշակի ժամերի արգելվելու է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշված փոխադրամիջոցները չեն կարողանա երթևեկել օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։

«Վրացական կողմը ասֆալտապատման աշխատանքներ է անում թունելում։ Մեկ–երկու օր կտևի։ Հիմնականում հերթը ռուսական կողմում է, սարսափելի խցանումներ չկան։ Տանելի է», – պարզաբանեց Բաղդասարյանը։

Նա ավելացրեց, որ երթևեկությունն անցակետով չի դադարեցվել։

Այսօր Ռուսաստանից Վրաստան մեկնած ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ մեքենաների մեծ թվի պատճառով չորս ժամում են կարողացել հատել սահմանը. որոշ ժամանակ կանգնել են ռուսական անցակետի ճանապարհին, մոտ 2,5 ժամ անցել թունելով, իսկ վրացական սահմանը հատել են 40 րոպեում։

Նրա խոսքով` ավելի լավ է` անցակետով անցնել վաղ առավոտյան, քանի որ ցերեկային ժամերին հերթեր են գոյանում։